Կրթական հաստատություններին նվիրաբերությունների հնարավորությունները կընդլայնվեն. Պապոյան
Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել նոր օրենքի նախագիծ, որի նպատակն է ապահովել կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճ:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի կարգավորումները թույլ են տալիս գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն–գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը նվազեցնել շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով:
Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք այդ շեմը բարձրացնել 10 անգամ՝ դարձնելով 2.5 տոկոս»,- ասաց Պապոյանը: Նա օրինակ բերեց՝ բարձր տեխնոլոգիական որևէ ընկերություն գնում է գերթանկարժեք համակարգիչ, 1 տարի անց դա իր համար այնքան էլ հետաքրքիր չէ, սակայն օրինակ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար շատ լավ գործիք է: Եվ ընկերությունը ցանկանում է այն նվիրաբերել:
Նա ընդգծեց՝ այդ նվիրաբերությունները չեն վերաբերում ջարդված սեղան–աթոռներին: Վերաբերվում են այնպիսի գույքին, տեխնիկային, որոնք արժեք են ներկայացնում կրթության համար:«Ակնկալում ենք, որ նախագծի ընդունման պարագայում բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական բուհերի, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատությունների կարիքների բավարարմանը:






























