Խաբել են` իբր ՔՊ-ում կան պատգամավորներ, որ կարող է միանան իմպիչմենտի գործընթացին. Բաքոյան

Նման հայտարարություն անողները խաբել են լրագրողներին, որ իբր պատգամավորներ կան ՔՊ-ում, որոնք պատրաստ են միանալ իմպիչմենտի գործընթացին։ Այս մասին  ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշել է  ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։


«Չկա նման բան, նույնիսկ խոսակցություն կամ քննարկում չկա։ Սա ծիծաղելի թեմա է»,–ասել է նա։


Հարցին՝ ինքը կարո՞ղ է բոլոր ՔՊ-ականների անունից խոսել, նրանք իրեն լիազորե՞լ են, Բաքոյանը պատասխանել է. «Ինձ պետք չի լիազորել, ես իմ և իմ գործընկերների անունից երաշխավորում եմ, որ ՔՊ խմբակցությունից չկա որևէ մարդ, որ այլ կերպ մտածի։ Բոլորս հավատարիմ ենք միևնույն գաղափարին։ Չկա նման թեմա, մեր խմբակցությունում չի քննարկվում, և ես այդ հարցին ընդամենը ժպիտով եմ վերաբերվում։ Ես զարմանում եմ, որ նման հարց եք տալիս, որովհետև չի կարող նման բան լինի, թիմը միասնական է գործում, և եթե կան հարցեր, հարցերը բարձրաձայնվում են, և այդ հարցերին լուծում է տրվում։ Չկա խզվածություն թիմի մեջ։ Եվս մեկ անգամ պաշտոնապես ձեզ հայտարարում եմ իմ և իմ գործընկերների անունից, ասում եմ՝ երբեք չի լինելու նման բան, որովհետև ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորները այլ կերպ չեն մտածում»։


Լրագրողների հիշեցմանը, որ օրինակ, Հովիկ Աղազարյանը կամ Հակոբ Ասլանյանը հեռացան կուսակցությունից, Բաքոյանն ասել է. «Ովքեր ՔՊ կուսակցության սկզբունքներից դուրս որևէ գործողություններ կիրականացնեմ, դա կլինի ցանկացած մեկը ՔՊ–ից, սկսած ինձանից, ինքը ըստ էության հեռացվելու է ՔՊ կուսակցությունից։


Չկա մտահոգություն, որ որեւէ մեկը կարող է հեռանալ կուսակցությունից. «Մի մտահոգվեք, նման խնդիր գոյություն չունի»։

Քաղաքականություն