
3 երիտասարդի են առևանգել, ծեծել և գումար պահանջել. Կոտայքի մարզ

Կոտայքի մարզում մի խումբ երիտասարդներ առևանգել են Բյուրեղավանի 29-ամյա բնակչի, կիսակառույց շինության ներսում պահել, ծեծել և գումար պահանջել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ իրավապահները բացահայտել են սեպտեմբերի 18-ին կատարված հանցագործությունը։
Մասնավորապես, պարզվել է, որ Բյուրեղավանի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեկ այլ անձի հետ իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով 29-ամյա համաքաղաքացուն բռնի տեղափոխել են Նոր Գեղի գյուղի «Խնձորի այգիներ» կոչվող վայրում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ նրանց է միացել նաև Նոր Գեղիի բնակիչ 30-ամյա երիտասարդը: Վիճաբանության ժամանակ վերջինս նույնիսկ փորձել է խեղդել 29-ամյա երիտասարդին, որը, սակայն, դանակով հարվածել է նրա ոտքին և փորձել փախչել, ինչը չի հաջողվել: Այդ ընթացքում 30-ամյա երիտասարդը ատրճանակից կրակոց է արձակել:
Միջադեպի ընթացքում նրանց են միացել նաև մի խումբ այլ անձինք: Նույն շինություն են տարվել 29-ամյա երիտասարդի երկու ընկերներ, որոնք նույնպես ծեծի են ենթարկվել: Նրանց մի քանի ժամ պահել են, ապա վերցրել են բջջային հեռախոսները և բաց թողել՝ յուրաքանչյուրից պահանջելով տասնհինգ հազար դոլար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բյուրեղավան բնակիչ՝ 23-ամյա և 28-ամյա, Նոր Գեղիի բնակիչ՝ 30-ամյա երկու երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։