Ալիևը շարունակում է Հայաստանի դեմ քարոզչությունը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ում կրկին մեղադրել է Հայաստանին «էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների ու խաղաղ կարգավորման տարբերակները արհամարհելու» համար։


Նա անգամ հայտարարել է, թե Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, իսկ իր խոսքում նորից գործածել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ հղում անելով վաշինգտոնյան համաձայնություններին։


Ալիևի այս ելույթը պատահական չէ․ Միջազգային հարթակներում նա շարունակում է Հայաստանի դեմ քարոզչությունը՝ ամրապնդելով վերջինիս «պարտվածի» ու «մեղավորի» կերպարը. Ներքին լսարանին ցույց է տալիս «վերջնական հաղթանակի» կերպարը՝ հասարակությանը պահելով մշտական մոբիլիզացիայի մեջ։


Ի դեպ, Ալիևին, հավանաբար, քաջալերել են նաև Նիկոլ Փաշինյանի վերջին խոստովանական հայտարարությունները։


Փաշինյանն օրերս հրապարակավ ասել էր․


«ՏՊԼ–ն, ՍՔ–ն և ՌՍ–ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ ՏՊԼ, ՍՔ և ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»։


Այսինքն՝ Հայաստանի գործող վարչապետը հենց ինքը միջազգային հարթակներին մատուցում է այն թեզերը, որոնք Ալիևը զարգացնում է ՄԱԿ-ի ամբիոնից։ Այս պայմաններում տարակուսելի է, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15․2 տոկոսով: Սա ոչ միայն անվտանգային լրջագույն սպառնալիք է, այլև միջազգային հարթակներում ընկալվում է որպես թուլության և կապիտուլյացիայի ազդակ։


Խաղաղություն չի կառուցվում պատրանքներով կամ ցանկություններով. դրա համար պետք է լինեն համապատասխան ուժային բալսնս, դիվանագիտական միջավայր, միջազգային երաշխիքներ:  


Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ոչ թե խաղաղություն է բերում, այլ նոր ռիսկեր՝ Հայաստանի անվտանգության համար»,- գրել է քաղաքագետը:

Քաղաքականություն