Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Իրանում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է: Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը Իրանի Շիրազ քաղաքում հանդիպել է Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը:


Նախարարը շնորհակալություն է հայտնել նահանգապետին ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը։


Ժաննա Անդրեասյանը նաև վստահություն է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նրա գլխավորած պատվիրակության՝ վերջերս Հայաստան կատարած այցը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և փոխհամագործակցության զարգացմանը։


Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պերսեպոլիս համալիրում այսօր կայանալիք համերգը, որը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջոցառումն ունի բացառիկ նշանակություն ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակման, այլև Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների խորացման առումով։ Նա շնորհակալություն է հայտնել Ֆարսի նահանգապետին՝ համերգի բարձր մակարդակով կազմակերպումն ապահովելու գործում ցուցաբերած աջակցության համար։


Քաղաքականություն