Արցախին նվիրված հանրահավք՝ Ազատության հրապարակում

Երևանի Ազատության հրապարակում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ Տեր Աբդրեաս քահանա Թավադյանի աղոթքով մեկնարկեց «Վերադարձ» խորագրով միասնության հավաքը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության օրվան։

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն իր ելույթում շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության օրը կդառնա վերադարձի օր։ Նախարարը նշեց, որ մինչ այդ պետք է չհուսահատվել և չկորցնել սեփական ազգային կերպարը, անհրաժեշտ է ամեն կերպ հասնել իրավունքների պաշտպանությանը։

«Արցախի յուրաքանչյուր թիզ հող դրոշմված է հայի արյունով, որի ապացույցն է յուրաքանչյուրի օջախում հնչող հերոսների անունները, որոնք միշտ կհնչեն իսկական հայ ընտանիքներում։ Այսօր ծանր շրջան է հայ ժողովրդի համար, մենք կարոտում ենք հեռվում մնացած Արցախի հողին»,– նշեց Իսկանդարյանը։


Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է հայերի ամուր բնավորությունը, որով էլ հետագայում հնարավոր կլինի Արցախի հողում կրկին բարձրացնել հայոց եռագույնը։


Հանրահավաքի մասնակիցները եկել են Բաքվի բանտերում գտնվող` Արցախի գերեվարված առաջնորդների և այլ հայերի լուսանկարներով և պաստառներով` «Վիշտը հավերժ է, եթե պայքար չկա», «Էթնիկ զտումները հանցագործություն են, ոչ թե խաղաղություն», «Առանց պայքարի իրավունք չկա» գրություններով։


Հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարություններ է արել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը։

Քաղաքականություն

Պատահարներ