
ՀԷՑ-ից 45-50 անձ են հեռացրել․ կառավարիչը գործում է շատ սանձարձակ. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրություն էր ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որպեսզի կատարվի Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշումը ՀԷՑ-ի հետ կապված։ Լրագրողների հետ հանդիպմանը ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ասել է, որ սկզբում Մեսրոպյանը պատասխանել է, որ դա իրավասությունների մեջ չէ, բայց հետո իրենց հայտնի է դարձել, որ հանձնաժողովի նախագահը գրություն է ուղարկել կառավարության աշխատակազմի ղեկավարին, խնդրել դիրքորոշում կառավարությունից՝ թե ինչպես վարվել, կառավարության դիրքորոշումը արբիտրաժի որոշման ճանաչման կամ կատարման ենթակա լինելու վերաբերյալ։
«Կառավարության աշխատակազմի միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարը պատասխանել է Մեսրոպյանին, ասել է հետևյալը՝ ինչ վերաբերում է արբիտրաժային վճռի կատարմանը, որպես կանոն կողմերի կողմից ենթակա է անհապաղ պարտադիր կատարման»,- ասել է Ղազինյանը։
Նրա խոսքով՝ հիմնավոր կասկածներ ունի՝ կառավարությունն իմիտացիա է ստեղծում, սակայն հանձնաժողովն անկախ մարմին է, ինքը պետք է որոշի։
«Սա պետական գործելաոճ չէ այն առումով, որ եթե պետությունը միանում է միջազգային պայմանագրի, համաձայնագրի, դրանք ավելի վեր են, քան ներքին օրենսդրական ակտերը։ Օրինակ, պատկերացրեք իրավիճակ, որ ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, այստեղ ասեն՝ մեր դատական մարմիններն անկախ են, նրանք չեն կատարում այդ որոշումը։ Ամեն դեպքում գնդակը հանձնաժողովի նախագահի դաշտում է։ Հանձնաժողովի նախագահն այդ ամբողջ ինֆորմացիան ստանալուց հետո տնօրենների խորհրդի նախագահին պատասխանում է՝ մեր իրավասության դաշտում չէ, հանձնաժողովի նախագահը գործում է օրենքներով։ Հարց է առաջանում՝ ինչու է դիմել կառավարությանը, որպեսզի ստանա պարզաբանում։ Իմ կարծիքով, դիմելու հիմնական նպատակն է՝ ինչպես պետք է գործի։
Հանձնաժողովի նախագահը բացարձակ վերահսկողություն չունի այսօրվա կառավարչի նկատմամբ, կառավարիչը գործում է շատ սանձարձակ, առանց տեսնելու կամ նայելու իր իրավունքները, տարբեր հայտարարությւոններ է անում։
Համոզված եմ՝ հանձնաժողովի նախագահն անկախ չէ, բայց ինչու է իր վրա վերցրել այդպիսի բեռ, ինչու է հայտնվել «մահապարտի» կարգավիճակում, չեմ կարող ասել»,- հավելել է Ղազինյանը։