
Արաղչին և Լավրովը քննարկել են միջուկային հարցը և Թեհրանի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը քննարկել են միջուկային հարցը և Թեհրանի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային հարցի շուրջ իրավիճակի զարգացման վերաբերյալ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի (որը հաստատել է 2015 թվականի միջուկային համաձայնագիրը) օրինական ժամկետի լրանալուն ընդառաջ եվրոպական երեք երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) գործողությունների վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը նաև գնահատել են միջուկային բանակցությունների հեռանկարները և ընդգծել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ժամկետը լրանում է նշանակված ամսաթվին՝ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, խոսելով «եվրոպական եռյակի» կողմից բանաձևը երկարաձգելու գաղափարի մասին, ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ որոշումը կկայացնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները։ Նախարարները, ինչպես հետևում է հաղորդագրությունից, նաև համաձայնել են շարունակել խորհրդակցությունները տարբեր մակարդակներում։
Հիշեցենենք՝ «Եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ավելի վաղ նամակ էր ուղարկել ՄԱԿ-ին՝ նշելով, որ պատրաստ է երկարաձգել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը չհամաձայնի միջուկային համաձայնագրին մինչև օգոստոսի վերջը: Միաժամանակ, Իրանի կողմից իրանական միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համաձայնության դիմաց առաջարկվում էր երկարաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի մի շարք դրույթների կիրառումը, որը հաստատել էր 2015 թվականի իրանական միջուկային համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին: