Ես այդպիսի ելք չէի պատկերացնում. Տոնոյանը` «Թրամփի ուղու» վերաբերյալ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը  անդրադառնալով Վաշինգտոնում նախաստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման» մասին համաձայնագրին, News.am-ի հետ զրույցում նշել է, որ որևէ գնահատական այս պահին չի կարող տալ, քանի որ ամեն ինչ կերևա այն ժամանակ, երբ կլինեն գործնական քայլեր, անվտանգության ապահովման և ճշգրիտ սահմանազատման տեսանկյունից: 


Լրագրողը անդրադարձել է «Թրամփի ուղուն», որը, ըստ խոսակցությունների վերահսվելու է ամերիկյան ուժերի կողմից, հարցրել՝ արդյո՞ք ՊՆ նախկին նախարարը այդպես էր պատկերացնում ելքը, Տոնոյանը պատասխանել է.


Անդրադառնալով «Թրամփի ուղուն» որը, ըստ խոսակցությունների վերահսվելու է ամերիկյան ուժերի կողմից Տոնոյանը նշել է.  «Ես այդպիսի ելք չէի պատկերացնում, առնվազն այն, ինչ որ ես պատկերացնում էի, ձևակերպված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով, դրանից ավել այդ փոփոխությունները, որոնք իրականացվել են Արցախի, արցախցիներ՝ Արցախը լքելու, Լաչինի կորուստը և այլն, այդ ամեն ինչը, իհարկե, ես չէի պատկերացնում: Հիմա այլ իրավիճակ է: Այդ այլ իրավիճակից ելնելով՝ այսօրվա իշխանությունները այդպիսի համաձայնությունների են գալիս», - ասել է Դավիթ Տոնոյանը:


Նա նշել է, որ որևէ մեկը ավելին չի կարող ասել ճանապարհի մասին, որովհետև պարզ չէ, թե ինչ է ներկայացնելու այդ ճանապարհը՝ նախագծի, շինարարության տեսանկյունից, ի՞նչ երկրներ են մասնակցելու, աշխարհագրորեն ի՞նչ տարածքով է անցնելու: Արդյո՞ք Մեղրիով է անցնելու, թե՞ ոչ: Ըստ նրա, միայն այս հարցերի պատասխանները ունենալուց հետո կարելի է ենթադրություններ անել: Հարցին՝ արդյո՞ք հավատում է Նիկոլ Փաշինյանի կառավարության խաղաղության դարաշրջանին, Տոնոյանը պատասխանել է, որ ո՛չ հավատալու, ո՛չ չհավատալու «խնդիր չունի»:


Դավիթ Տոնոյանը անդրադառնալով նաև իր դատական գործի ընթացքին՝ ասել է, որ դատախազը ելույթով հանդես է եկել, որին պատրաստվում են հակադրվել, քանի որ վստահ է իր ճիշտ լինելու մեջ:


Տոնոյանը նախկինում իր դեմ տարվող գործը անվանել էր «թավշյա հետապնդում»: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դա դեռ շարունակվում է, ՊՆ նախկին նախարարը նշել է՝ ըստ դատավարության ընթացքի՝ այո։

Քաղաքականություն