Մակրոնները դատի են տվել հաղորդավարին՝ Բրիջիտին սեռափոխության մեջ մեղադրելու համար․ մանրամասներ

Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտ Մակրոնը, 22 կետից բաղկացած զրպարտության հայց են ներկայացրել ԱՄՆ-ում աջակողմյան հայացքներով աչքի ընկնող հաղորդավար Քենդիս Օուենսի դեմ։ Հայցը ներկայացվել է Դելավերի նահանգի դատարան՝ պահանջելով փոխհատուցում այն կեղծ մեղադրանքների համար, ըստ որոնց՝ Բրիջիտ Մակրոնը կարող է տղամարդ լինել։


Մակրոնների փաստաբան Թոմ Քլեյրը CNN-ին հայտնել է, որ մեկ տարվա ընթացքում բազմիցս պահանջել են դադարեցնել այս հրապարակումները, սակայն Օուենսը հրաժարվել է, ինչի արդյունքում նրանք դիմել են դատարան։ Օուենսը յութուբյան իր 4,5 միլիոն հետևորդ ունեցող ալիքում մի քանի տեսանյութերում տարածել է այդ թեզը, այդ թվում՝ «Դառնալով Բրիջիտ» շարքը։ Նա  վաճառել է այս թեմայով ապրանքանիշեր։


Հայցում նշվում է, որ այս մեղադրանքները Մակրոնների համար առաջացրել են «ծանր տնտեսական վնասներ» և խաթարել նրանց մասնավոր կյանքը.


«Դա նվաստացուցիչ է և անարդար»,- ասված է փաստաթղթում։


Քենդիս Օուենսը Instagram-ում և YouTube-ում պատասխանել է, որ սա «հուսահատ և ցուցադրական քայլ է» Մակրոնների կողմից։ Հայցը պահանջում է ֆինանսական պատժամիջոցներ Օուենսի և նրա մեդիա ընկերությունների դեմ՝ զրպարտության և կեղծ տեղեկությունների տարածման համար։


Ելիսեյան պալատը հայտարարել է, որ գործն «անձնական բնույթ ունի» և պաշտոնական մեկնաբանություններ չի տա։


Հավելենք՝  ավելի վաղ հայտնել էինք, որ Էմանուել Մակրոնն ու իր կինը դատական հայց են ներկայացրել հաղորդավարի դեմ։


Քաղաքականություն