
Բրիտանացիները Ռուսաստանին համարում են գլխավոր թշնամի

Բրիտանացիները Ռուսաստանին համարում են իրենց համար գլխավոր թշնամի:
More in Common վերլուծական կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ բրիտանացիները երկրում և աշխարհում անկայունություն են զգում։ Նրանք 2025 թվականը համարում են քաոսային և վտանգավոր ժամանակաշրջան։
Նրանցից շատերը կարծում են, որ Մեծ Բրիտանիան սկսել է կորցնել իր միջազգային ազդեցությունը (այդպես են նշել հարցվածների 40%-ը)։ Նրանց կարծիքով՝ Չինաստանը գնալով հզորանում է (67%)։ Հարցվածները նաև վստահ են, որ ԱՄՆ-ն (50%) և Ռուսաստանը (39%) ուժեղանում են միջազգային ասպարեզում։
Միևնույն ժամանակ, հարցվածները Չինաստանին և Ռուսաստանին համարում են իրենց հայրենիքի թշնամիներ։ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի թշնամի է անվանել հարցվածների 65%-ը՝ սա ամենաբարձր ցուցանիշն է բոլոր նշված երկրների շարքում։ Նրան հաջորդում են Իրանը (51%) և Չինաստանը (33%)։ Եվրոպայում ամենամոտ դաշնակից է անվանվել Ֆրանսիան։ Հետազոտողները նշում են, որ ԱՄՆ-ին դաշնակից համարողների բաժինը ապրիլից ի վեր աճել է 7%-ով՝ հասնելով 50%-ի։
Կեսից ավելին (54%) ցանկանում է, որ բրիտանական զորքերը մասնակցեն Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը, երբ հակամարտության կողմերը համաձայնվեն հրադադարի։ Հարցվածների կարծիքները բաժանված են այն հարցում, թե ինչպիսի օգնություն է պետք, որ Մեծ Բրիտանիան տրամադրի Ուկրաինային։ 24%-ը կողմ է զենքի մատակարարմանը, 17%-ը՝ մարդասիրական աջակցությանը, 14%-ը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, իսկ 6%-ը՝ ուկրաինացի փախստականներին ընդունելուն։
Հարցվածները՝ Մեծ Բրիտանիայի համար հիմնական սպառնալիքներ են տեսնում կիբեռհարձակումները (24%), իսլամական ահաբեկչությունը (15%), միջուկային հակամարտությունը (14%), ռազմական հակամարտությունը (12%) և «ծայրահեղ աջ» ահաբեկչությունը (7%)։