Իրանը՝ ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ի ռազմաբազաներին հարվածելու մասին

Իրանը հնարավոր է համարում նոր ագրեսիայի դեպքում հարվածներ հասցնել ամերիկյան ռազմաբազաներին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:


«Այն փաստը, որ Իսլամական Հանրապետությունը հասանելիություն ունի տարածաշրջանում ամերիկյան կարեւոր կենտրոններին եւ կարող է նրանց դեմ գործողություններ ձեռնարկել, երբ անհրաժեշտ համարի, փոքր միջադեպի մասին չէ խոսքը այլ խոշոր միջադեպի, դա կարող է կրկնվել ապագայում: Հարձակման դեպքում ագրեսորը բարձր գին կվճարի», - ասել է Խամենեին։


Հիշեցնենք, որ Իսրայելն ու Իրանը համաձայնել են հրադադար հաստատել հունիսի 24-ի գիշերը, սակայն Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետ Էյալ Ամիրը նույն օրը հայտարարել է, որ Իրանի դեմ Իսրայելի ռազմական արշավն ավարտված չէ, դրան նոր փուլ է սպասվում, սակայն Գազայի հատվածում: Խամենեիի խոսքով՝ Իրանն արդեն հաղթանակ է տարել Իսրայելի նկատմամբ։


Նշենք որ Իսրայելը հարձակվել Է Իրանի վրա հունիսի 13-ի գիշերը։ Թիրախ են դարձել Իրանի միջուկային ենթակառուցվածքները, բալիստիկ հրթիռների արտադրության գործարանները և այլ ռազմական օբյեկտներ։ Թեհրանը պատասխան ռազմական գործողություն է սկսել Իսրայելի դեմ։


Միացյալ Նահանգները հակամարտության մեջ է մտել հունիսի 22 -ի գիշերը և հարվածներ հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտների՝ Սպահանում, Ֆորդոյում և Նաթանզում: Պենտագոնը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի ոչնչացման մասին Իրանի ԱԳՆ-ն հաստատել է միջուկային օբյեկտների լուրջ վնասը։


Հունիսի 23-ին Իրանը հարձակվել է Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանի վրա, որը Մերձավոր Արևելքի խոշորագույն ամերիկյան ռազմակայանն է, սակայն նախապես նախազգուշացրեց ԱՄՆ-ին և Կատարին այդ մտադրության մասին: Արդյունքում զոհեր չեն եղել։


Ռազմակայանի վրա հարձակումից հետո Թրամփը հայտարարեց Իսրայելի և Իրանի զինադադարի մասին: Իսրայելի վարչապետի գրասենյակի տվյալներով՝ ռազմական հակամարտության ընթացքում Իսրայելին ուղղված իրանական հարվածների հետևանքով 28 մարդ Է զոհվել, 1472-ը՝ վիրավորվել: Իրանը, հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը, գրել է 627 զոհերի և առնվազն 4870 տուժածների մասին: