Շահրամանյանը կրկին հարցաքննվել է. մանրամասներ

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր կրկին 4 ժամ հարցաքննվել է անփութության, զենք-զինամթերք թշնամուն հանձնելու գործով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին հարցաքննությունից հետո լրագրողներին հայտնել է նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը:


Շահրամանյանը վկայի կարգավիճակում է հարցաքննվում, փաստաբանը նշել է. «ՀՀ իրավական համակարգում ոչինչ չեմ բացառում: Բայց այս պահի դրությամբ Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու կամ նրան մեղադրանք ներկայացնելու հիմքեր քննիչը չունի, կանի՞, թե՞ չի անի, ես չէ, որ կարող եմ պատասխանել այդ հարցին»:


Նրա խոսքով՝ նախագահի ինտենսիվ հարցաքննություն էլ է լինելու, բայց վարույթ իրականացնող մարմնի կողմից նախազգուշացվել է հաջորդ հարցաքննության օրվա մասին այլեւս չհայտնել, թեև դա նախաքննական գաղտնիք չէ: Իսկ վարույթի շրջանակում ինտենսիվ հարցաքննություններ, ըստ փաստաբանի, նախատեսված են միայն վարույթի ծավալով պայմանավորված. «Այս պահի դրությամբ զրկված եմ այս վարույթին քաղաքական նշանակություն տալուց, որովհետեւ կարեւորում եմ այս վարույթի նշանակությունը: ՀՀ իրավասու մարմիններն այդ խնդրին պետք է արձագանքեին: Խնդիրն այն է, որ Շահրամանյանը սկսել է հարցաքննվել 2025-ին, բայց նա պետք է ավելի շուտ հարցաքննվեր»,- նշել է Երիցյանը: