
Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ ուղին է․ Վահան Կոստանյան

Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։
Կոստանյանն անդրադարձել է նաև խաղաղության համաձայնագրին, նշելով՝ ՀՀ-ն պատրաստ է անհապաղ ստորագրել և հետագայում վավերացնել այն։ Նրա խոսքով՝ մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ և կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ բարձր են գնահատում Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ և եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը ՀՀ պաշտպանական կարողություններին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու ցանկություններին։
Երկու պետությունների հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա՝ նպատակ ունենալով նաև օժանդակել ՀՀ-ին՝ հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Հայաստանի Հանրապետությունը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը ՀՀ-ն և Ադրբեջանը ստանձնել են Ալմա-Աթայի հռչակագրով»,- ասել է նա։