Իրանը դրան երբեք չի գնա․ այդ պայմանը չի դիտարկվի․ Իրանի ԱԳՆ

Իրանը չի պատրաստվում դիտարկել ուրանի հարստացման ժամանակավոր դադարեցման հնարավորությունը հանուն ԱՄՆ հետ համաձայնագրի կնքման, այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։


Մեկնաբանելով արևմտյան մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն Թեհրանը կարող է երեք տարով դադարեցնել ուրանի հարստացումը Վաշինգտոնի հետ համաձայնագրի կնքման դիմաց, Բաղային նշել է. «Իրանը դրան երբեք չի գնա»։


Իրանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ՝ վեցերորդ փուլի ժամկետներն ու վայրը առայժմ հստակեցված չեն։


Հավելենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտնել է, որ առաջընթաց է գրանցվել Իրանի հետ միջուկային բանակցություններում, և ակնարկել, որ «մոտակա երկու օրվա ընթացքում» կարող է «ինչ-որ լավ բան» հայտարարվել՝ առանց մանրամասնելու։