Դրոշ այրելը թուլության դրսևորում է. Սարգիս Խանդանյան

Ինչ-որ պահ պիտի գա, որ այդ մասին պետք է խոսել և ես չեմ կարծում, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ոգևորվում է այդ տեսարանից: Այս մասին ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը սադրիչ ու անընդունելի էր համարել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները այրելը:


«Ընդհանրապես կապ չունի այդ երկիրը քո թշնամին է, հակառակորդն է, դրոշ այրելու իմաստը ո՞րն է։ Ես կարող եմ իմ փորձառությունից ասել, ես 17 տարեկան էի, ուզում էի գնալ ջահերով երթին մասնակցեի: Երբ հրապարակում դրոշը վառեցին, ես թողեցի հետ գնացի, որովհետև իմ կարծիքով դա թուլության նշանը, ոչ թե ուժի: Որովհետև եթե դու հարց ունես այդ երկրի հետ, փորձի որևէ կերպ այդ հարցը կարգավորել, դրոշ այրելը շատ տհաճ է: Դա տհաճ էր նաեւ ծանրամարտի առաջնության ժամանակ»,-ասել է նա:


Հարցին՝ դրոշ այրելն ինչո՞վ է սադրիչ, Խանդանյանը պատասխանել է. «Դե մեկ ավել կրակոց, մեկ ավել քաղաքացիական ենթակառուցվածքի թիրախավորում, դրանք փոխկապակցված բաներ են: Դրա անհրաժեշտությունը իսկապես չկա, հատկապես այն փուլում, երբ Հայաստանը ջանք է գործադրում, որ հասնի խաղաղության: Դա թեկուզ հոգեբանական տեսանկյունից, բայց լարում է իրավիճակը»:


Դիտարկմանը, որ Սյունիքում Ադրբեջանը մեկ ամսից ավելի է, որ կրակում է, դա ինչպե՞ս կարող է կապ ունենալ դրոշ այրելու հետ, նա նշել է. «Տարբերությունն այն է, որ այդ կրակոցը շատ կոնկրետ քաղաքացիական ենթակառուցվածք է թիրախավորել, այդտեղ կարող էր մարդ մահանալ ուղղակի։ Եվ այդ ժամանակագրությունը և այդ ժամանակագրության համընկնումը կարող է ենթադրություն առաջացնել, որ դա պատասխան էր այդ գործողությանը։ Ու ինձ թվում է մեր այն գործիչները, որոնք այդպիսի քայլեր են անում, պիտի որոշակի պատասխանատվությամբ մոտենան սահմանին կանգնած զինվորների նկատմամբ, այդ այդ բնակավայրերի բնակիչների նկատմամբ»:


Ինչ վերաբերում է նրան, որ 10 տարի առաջ էլ ՔՊ-ականներն են Երեւանում Ռուսաստանի դրոշն այրել, Խանդանյանն հայտնել է. «Ես դեպք չեմ հիշում դրոշ այրելու, և եթե այրել են, շատ վատ են արել, սխալ են արել, ես դատապարտում եմ որևէ պետության դրոշ այրելը: Նորից եմ ասում՝ դա ավելի շատ թուլության դրսևորում է, քան ինչ-որ խիզախության կամ ուժի դրսևորում»: