
ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի քննարկվում, դա տեղի չի ունենա: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը:
«Մենք հստակ հայտարարել ենք՝ ՆԱՏՕ-ն քննարկումներից դուրս է։ Այդ միտքը նոր չէ։ Մենք այդ մասին խոսում ենք 2008 թվականից», — ասել է Քելլոգը։ Նա հիշեցրել է, որ դեռևս 17 տարի առաջ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ուիլյամ Բըրնսը հայտարարել էր Քոնդոլիզե Ռայսին, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, որ դա անհասանելի նպատակ է։
Այն մասին, որ Ուկրաինան երբեք չի մտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ, բազմիցս խոսել է նաև ինքը՝ Թրամփը։ Նրա կարծիքով՝ հենց Սպիտակ տան նախկին ղեկավար Ջո Բայդենի խոստումն էր՝ դաշինքին անդամակցելու երաշխիքներ տրամադրել Կիևին, ինչը հանգեցրեց Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության։ Ռուսաստանի իշխանությունները ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի ձգտումը անվանել են նաև հակամարտության բռնկման պատճառներից մեկը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին արագացված անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի աշնանը։ Այդ ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յենս Ստոլտենբերգն ասում էր, որ երկիրը կարող են ընդունել դաշինքի մեջ, եթե Կիևը հրաժարվի կորցրած տարածքներից։ Ավելի ուշ Ստոլտենբերգին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինած Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցության հարցն այլևս օրակարգում չէ:
Ուկրաինացի Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե Հյուսիսատլանտյան դաշինքի դռները Կիևի համար փակ մնան, ապա անհրաժեշտ կլինի «ՆԱՏՕ կառուցել Ուկրաինայում»։ Դրան հասնել, ըստ Զելենսկու, հնարավոր է երկրի պաշտպանությունը ֆինանսավորելով և ռազմական արդյունաբերության զարգացմանը օժանդակելով այնպիսի մակարդակով, որը «կնշանակի երաշխավորված խաղաղություն»:
ՆԱՏՕ-ին անդամակցության քննարկումներից Ուկրաինայի հրաժարումն այն առաջարկներից մեկն է, որով ԱՄՆ-ն հանդես է եկել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ, գրել Է Bloomberg-ը:
Նշենք, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հանդիպումները տեղի են ունեցել ապրիլի 17-ին Փարիզում: Վաշինգտոնի նախաձեռնությունը ենթադրում է նաև, որ Ռուսաստանին կմնան նրա վերահսկողության տակ անցած բոլոր տարածքները:
2024 թվականի հունիսին Քելլոգն առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման իր տարբերակը, ըստ որի Կիևը կշարունակի ռազմական օգնություն ստանալ միայն Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու պայմանով։ Իսկ եթե Ռուսաստանը հրաժարվի դրանցից, ապա ԱՄՆ-ը նրան կզգուշացնի Ուկրաինային աջակցության ուժեղացման մասին։ Թրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ն կարող է ընդհանրապես հրաժարվել խաղաղության շուրջ բանակցություններից, եթե ռուսական կամ ուկրաինական կողմը չափազանց բարդացնի կարգավորումը: