Թեժ իրավիճակ․ արցախցիներն ակցիա են իրականացնում Երևանում

Արցախցիներն ակցիա են իրականացնում Երևանում Արցախի ներկայացուցչության առջև` պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից քաղաքացիներին վերադարձնել, իրենց խոսքով, Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։


Ակցիայի նախաձեռնողներից Արթուր Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց` հավաքվել են, որ արցախցիների սոցիալական հարցերը լուծվեն։


«Դրա ճանապարհը տեսնում ենք այսպես` Արցախից թալանած գումարները պետք է վերադարձվեն։ Մենք ամբողջ թալանի մասին չգիտենք, բայց մի մասից տեղյակ ենք, ու դրանք փաստաթղթերով 1.5 տարի առաջ ներկայացվել են դատախազություն։ Որոշ դրվագներով գործեր կան հարուցված, մի մասն էլ դեռ օդից կախված է։ Ինձ էլ քննչական կոմիտե են կանչել, այնտեղ ներկայացրել եմ Արցախում տեղի ունեցած խոշոր կոռուպցիոն սխեմաները։ Այդ գումարները պետք է վերադարձվեն ժողովրդին։ Սամվել Շահրամանյանից պահանջում ենք դուրս գալ ու ժողովրդին ասել, թե ինչպես է քաշելու այս ժողովրդի հոգսը։ Եթե չի գալիս, ուրեմն մենք կասենք` ինչ անի»,– ասաց Օսիպյանը։


Նա Շահրամանյանին հորդորեց գնալ ՀՀ գլխավոր դատախազություն ու որպես իրավասու անձ այնտեղ պահանջել արագացնել Արցախում թալանված գումարների վերադարձի մասով քննությունը։ Օսիպյանի խոսքով` ընդհանուր առմամբ 467 մլն դոլար է թալանվել, ու դրանք եղել են 48 ընտանիքի մոտ։ Նա ՀՀ դատախազությունից պահանջեց հրապարակել այդ ցուցակը, որպեսզի մարդիկ հատիկ առ հատիկ իմանան այդ անունները։


Մանրամասները՝ տեսանյութում։