ՔՊ պատգամավորը՝ վերջին օրերի կրակոցների մասին

Կրակոցներ, այո, հնչում են, բայց թիրախային չեն և ինտենսիվ բնույթ չեն կրում: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ հավելելով, որ ՊՆ-ն այդ կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն տարածել է:


Հարցին, թե եթե այդ կրակոցներով չեն թիրախավորում մեր դիրքերը, այդ դեպքում ո՞ր կողմ են կրակում ադրբեջանիցները, նա պատասխանել է. «Ես կողմը չեմ ֆիքսում, բայց դրանք չեն կրում կոնկրետ թիրախային բնույթ և ինտենսիվ չեն:


Ես չեմ կարող ձեզ այդքան բացատրեմ, պետք է գոնե մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք՝ դա ինչի համար է արվում:


Օրինակ, ես քաջատեղյակ եմ, որ երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ ուղղակի օդ էին կրակում, և էս կողմից, և մյուս կողմից: Դեպքեր են լինում, երբ մենք և իրենք կրակում են օդ, դեռևս 2000-ականներից սկսած: Դա հակառակորդին տեղյակ պահելու համար է, որ մենք մեր դիրքերում ենք և նույնը իրենք էին անում:


Վերջին օրերի այս կրակոցները թիրախավորված չեն, վիրավորներ էլ չկան»,-ասաց նա:


Հարցին՝ վտանգ չի՞ տեսնում այդ կրակոցներից, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է. «Եթե կրակոց կա, վտանգ ամեն դեպքում կա։ Բնակչության մոտ, այո, անհանգստություն կա, եւ կրակոցները հենց անհանգստություն առաջացնելու և խաղաղության օրակարգը նսեմացնելու համար է արվում:


Ադրբեջանը խաղաղության օրակարգը նսեմացնում է շատ պարզ պատճառով, որովհետեւ չի ուզում կնքել խաղաղության պայմանագիր»: