
Կեղծ հաշմանդամության տեղեկանքների համար բժիշկներին կզրկեն լիցենզիայից

«Քաղաքացիների ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
Եթե մոտ մեկ տարվա ընթացքում հաշմանդամության հանձնաժողովում ընդգրկված որևէ բժշկի տված երեք սխալ եզրակացություն հայտնաբերվի, ապա Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը այդ մասին կտեղեկացնի առողջապահության նախարարությանը:
Այնտեղ կորոշեն՝ այդ սխալները բժշկից կախված են եղել, թե ոչ: Դրա հիման վրա առողջապահության նախարարությունը կորոշի՝ հետ կանչե՞լ բժշկի արտոնագիրը, թե՞ ոչ։
Ինչպես նաև տեսչությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կներկայացնի սոցիալական աշխատողների սխալ եզրակացությունները, որոնք հանգեցնում են նպաստների ոչ նպատակային նշանակման։