
ԲՏԱ նախարարը խոսել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունների մասին

Այն, որ հանրությունը մտահոգվում է ադրբեջանական կողմից սահմանին կրակոցների վերաբերյալ հայտարարությունների պատճառով, դա նաև ինձ և մեզ բոլորիս է մտահոգում: Այս մասին հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Ինչո՞ւ, որովհետև մենք ակնկալում ենք շարունակել մեր երկխոսությունը կառուցողական մթնոլորտում և հասնել մեր վերջնանպատակին. այն է՝ կառուցել երկարատև խաղաղություն այս տարածաշրջանում, և համարում եմ, որ նաև դրա համար կան բավարար հիմքեր այն իմաստով, որ երկու կողմն էլ փաստացի հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետ կապված աշխատանքներն այլևս ավարտված են: Այս իմաստով պետք է ասեմ, որ Հայաստանը հետևողականորեն այս աշխատանքն առաջ է տանելու, իրենից կախված ամեն բան անելու է, որպեսզի իրավիճակը շարունակի մնալ կայուն:
Միջազգային հանրության մոտ հստակ ընկալում կա, որ Հայաստանը խիստ կառուցողական է դիրքավորված այս համատեքստում ևս: Հայկական կողմը, ի պատասխան նաև այն հարցին, որ կա նման մտահոգություն, կարծում եմ՝ թե՛ վարչապետի աշխատակազմի, թե՛ հենց վարչապետի մակարդակով արվում են գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ, որոնք միտված են իսկապես բացահայտելու՝ արդյոք որքանով են հավաստի տվյալ տեղեկատվությունները:
Հայկական կողմը իր հստակ կամքն ու պատրաստակամությունն է հայտնում, և միջազգային հանրությունը սա ակնհայտորեն արձանագրում է: Կարծում եմ՝ հանրությունը անհանգստանալու պատճառ չունի: Առավելագույնն արվում է ԱԳՆ-ի և համապատասխան պետական ինստիտուտների մակարդակով»,- նշեց նա:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 6-րդ օրն է՝ ինչ ապատեղեկություն է տարածում ՀՀ-ի կողմից իբր կրակոցների մասին: