Քաղաքացին նախ պետք է տուգանքը վճարի, հետո բողոքարկի. նոր նախագիծ է մշակվում. Նաիրի Սարգսյան

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն են նախաձեռնել, ըստ որի 83-րդ հոդվածը փորձում են ուժը կորցրած ճանաչել, սա նշանակում է, որ եթե ՀՀ քաղաքացիների և բիզնեսի վրա որևէ պետական մարմին, որը վարչարարություն է իրականացնում, ակտ է գրում և եթե քաղաքացին կամ բիզնեսն այն բողոքարկում են, դատարանն է որոշելու, քաղաքացին այդ տուգանքը վճարելու է, թե ոչ։ Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։


«Եվ ինչ է ստացվում, պետք է ակտը վճարի, և 4-5 տարի սպասի, մինչև բոլոր դատական ատյաններով կանցնի այդ բողոքարկման գործը։ Հիմա եթե ֆիզիկական անձինք շատ սահուն կերպով համաձայնում են, որ իրենց եկամուտների եկամտային հարկի տարեկան հաշվարկներ իրականացնեն, ապա հարկային մարմինը հաջորդ նախագծով իրավունք է ստանալու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մոտ ստուգումներ անելու, որի պարագայում ակտ է կազմելու քաղաքացու վրա, օրինակ՝ 3 մլն դրամ։ Այսօրվա օրենսդրությամբ՝ քաղաքացին կարող է դա չվճարել և բողոքարկել, և 90 տոկոս և ավելի է հավանականությունը, որ քաղաքացին դատարանում շահելու է դատը և չի վճարելու այդ ակտը։ Իսկ ահա վերոհիշյալ նախագծի փոփոխությամբ ֆիզիկական անձն այլևս այլընտրանք չի ունենալու, քանի որ դատական կարգով ակտի բողոքարկումը նրա իրավունքները վերջնական չի պաշտպանում և այստեղ գալիս է օրինական դիկտատուրայի հաստատումը։ Նա պետք է իր տուն-տեղը վաճառի, որ կարողանա վճարումը անել և 4-5 տարի էլ փաստաբաններին պիտի վճարի, որ իր իրավունքները պաշտպանեն և հետո պետությանը պետք է հայց ներկայացնի, ասելով, որ իմ 3 մլնը, որը տարել եք, վերադարձրեք։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյան չի լինելու, էսօրվա արդարադատության նախարարը չի լինելու, էկոնոմիկայի նախարարը չի լինելու, որովհետև իրենք միասին շատ շուտով գնալու են, որտեղից են այդ 3 մլնը վերադարձնելու՝ ՀՀ պետբյուջեից, ոչ թե անձնական պատասխանատվությամբ։ Մի կողմից մարդուն դրդում են, տանում հարկման, մի կողմից էլ սահմանափակում են նրա օրինական իրավունքները վերականգնելու բոլոր հնարավորությունները»,- ասել է նա։