
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե Իրանի դեմ արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչելու դեպքում որո՞նք են լինելու իր գործողությունները, Փաշինյանը ասել է.
«Պետք է ճշտել՝ ի՞նչ նկատի ունեք «սպառնալիք» ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Այսինքն՝ մեր բնականոն և բնական շահերը հենց այն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար, Իրանի զարգացումը չափազանց կարևոր է մեզ համար, և Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար, և ես նույնիսկ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա ասելու, թե ինչու, որովհետև դա այնքան ակնհայտ է»,– ասել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն ու Իրանը պետք է «փոխադարձաբար հնարավորությունները տեսնեն»:
«Դուք խոսեցիք չօգտագործված հնարավորությունների մասին, բայց նաև պետք է ընդգծել՝ որո՞նք են այդ չօգտագործված հնարավորությունները։ Մասնավորապես, Հյուսիս-հարավ առևտրատնտեսական ուղղությամբ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցելու շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն, և մենք աշխատում ենք հիմա դրա վրա։ Մյուս կողմից կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք և դեպի հյուսիս Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ, ամենավստահելի ճանապարհն է, և մենք այս թեմաների շուրջ էլ քննարկումներ ենք ունենում Իրան Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ: Սրանք հարցեր են, որոնք էլի կարող են արտահայտվել, եթե երկու երկրների և կառավարությունների միջև լինի վստահություն։ Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք ամենաբարձր մակարդակով մեր շփումներում արձանագրում ենք, որ երկու երկրների կառավարությունների, երկու երկրների միջև կա վստահություն։ Վստահություն չի նշանակում, որ մենք բացարձակապես ամեն ինչին նայում ենք նույն կերպ, ամեն ինչի շուրջ ունենք նույն մեկնաբանությունը։ Ոչ, վստահություն նշանակում է, որ մենք փոխադարձաբար մեր և տարածաշրջանային հարաբերությունների մասով ծանոթ ենք միմյանց մտքերի ընթացքին, և այդ մտքերի ընթացքի նկատմամբ ունենք որոշակի ըմբռնում»,- ասել է նա։