
Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է գրոհել Կուբանում «Թուրքական հոսքի» կոմպրեսորային կայանը

Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Կրասնոդարի երկրամասում գտնվող «Թուրքական հոսքի» կոմպրեսորային կայանի վրա, որպեսզի դադարեցնեն գազի մատակարարումը Եվրոպա, ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
«Փետրվարի լույս 28-ի գիշերը Զելենսկու՝ Վաշինգտոն կատարած այցի ֆոնին Կիևի ռեժիմը եվրոպական երկրներ գազի մատակարարումները դադարեցնելու նպատակով ձեռնարկել է հերթական հարձակման փորձը՝ երեք ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ Հայկաձոր բնակավայրում (Կրասնոդարի երկրամաս) «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի ենթակառուցվածքի վրա, որն ապահովում է գազի մատակարարումը «Թուրքական հոսք» խողովակաշարով», - հայտարարել են գերատեսչությունում:
Ուկրաինան առաջին անգամ չէ, որ փորձում է խոցել «Թուրքական հոսքի» ենթակառուցվածքները։ Այսպես, հունվարի 11-ին հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 9 դրոն «Ռուսկայա» շրջանում։
Բացի այդ, փետրվարի 17-ին հակառակորդի ԱԹՍ-ները հարձակվել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի («Կրոպոտկինսկայա») նավթատրանսպորտային օբյեկտի վրա։ Արդյունքում կայանը շարքից դուրս է եկել։
Հավելենք` Մարտի 1-ին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Լավրովը թուրք գործընկերոջը հայտնել է, որ Ուկրաինան փորձել է հարձակվել «Թուրքական հոսք» գազատարի վրա գտնվող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա՝ օգտագործելով երեք ԱԹՍ: Բոլորը չեզոքացվել են ՌԴ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերով։
ՌԴ նախարարը խնդրել է Ֆիդանին օգտագործել Անկարայի առկա հնարավորությունները՝ «Կիևի վարչակարգի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումները կանխելու համար, որոնք առաջին անգամը չէ, որ ձեռնարկվում են»:
Հաքան Ֆիդանը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։