ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան ղուկասյանի ձերբակալության լուրերի մասին

ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել․


«Կուսակցությունը մշտապես գործել է թափանցիկության սկզբունքով և ձգտել է հանրությանը ներկայացնել իրավիճակի իրական պատկերը։ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին մեզ փոխանցվել էր տեղեկություն, որ ամեն ինչ լավ է, և նա կայունանում է։ Սակայն, երբ ավելի մանրամասն տեղեկատվություն էինք փորձում ստանալ, պարզվեց, որ մեզ տրամադրված տեղեկությունները ամբողջական չեն եղել։


Փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը կապ է հաստատել Վարդան Ղուկասյանի հետ, սակայն որոշ ժամանակ անց նրանց միջև հաղորդակցությունը դադարել է։ Հետագա փորձերի ժամանակ մեզ տեղեկացվել է, որ Վարդան Ղուկասյանը չի կարող խոսել, քանի որ իրեն հանգիստ է անհրաժեշտ։


Այս հանգամանքը հանրության շրջանում որոշակի մտահոգություն է առաջացրել, հատկապես հաշվի առնելով, որ ստացված տեղեկությունները չեն արտացոլել իրականությունը։ Մենք հասկանում ենք հանրային հետաքրքրվածությունն ու անհանգստությունը և վերահաստատում ենք, որ կուսակցությունը չի ունեցել նպատակ որևէ բան թաքցնելու։


Միևնույն ժամանակ, շրջանառվող լուրերն այն մասին, որ Վարդան Ղուկասյանը ենթարկվել է բռնության, չեն համապատասխանում իրականությանը։

Այդ պնդումներում նշված անձը, ով իբր այդ միջադեպի մասնակիցն էր, հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով իր առնչությունը նման դեպքին։


Նախկինում մենք հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանը երկու-երեք օրվա ընթացքում կլինի տանը, սակայն այս պահին հաստատվում է, որ նա գտնվում է վերահսկողության տակ։ Նա ձերբակալվածի կարգավիճակ չունի։ Մենք շարունակում ենք կապի մեջ մնալ բոլոր համապատասխան կողմերի հետ՝ լրացուցիչ մանրամասներ պարզելու համար։


Մենք վերահսկում ենք բոլոր գործընթացները, կապի մեջ ենք մնացած կողմերի հետ և անում ենք ամեն ինչ, որ հանրությանը փոխանցենք հավաստի տեղեկություններ։


Ավելի ուշ սպասեք պաշտոնական հայտարարության»։