
ԼՂ-ի հանձնումից հետո տեղի է ունենում երրորդ սխալը. Քոչարյան

ԼՂ-ի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրորդ փուլը՝ 2020թ․ պատերազմից հետո մինչև 2023թ․։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի հանձնումից հետո առաջին անգամ է խոսում այս թեմայով։
«Սա նշանակում է՝ համանախագահողներին ասում է՝ դուք ո՞վ եք, ի՞նչ էիք արել, ինչո՞վ էիք զբաղված 25 տարի։ Ես կինոյի տղան եմ և եկել եմ՝ ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ։ Բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, հետո ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ եթե Հայաստան է ու վերջ, էլ ինչի՞ մասին կարելի է բանակցել։ Սա, ըստ էության, պատերազմի կոչ էր»,- ասաց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ այդ շրջանում տպավորություն էր ստեղծվում, թե Փաշինյանը պատմության ամենաոչմիթիզական ղեկավարն է։
«Պատերազմում պարտվելուց հետո ոչմիթիզական Ռեմբոն դարձավա աշխարհաքաղական Գիքոր»,- նշեց Քոչարյանը։
Կարծում է, որ եղել է հրաշալի հնարավորություն ընդունելու համանախագահողների առաջարկն ու սկսել բանակցությունները, խուսափել պատերազմից։
Շեշտում է՝ դիվանագիտական արվեստը ոչ թե պատի մեջ ուժով դուռ բացելն է, այլ այնտեղ դուռ փնտրելը, իսկ եթե մոռանում ես դրա մասին, ստանում ես այն, ինչը մենք ստացանք։
Հավելում է՝ Փաշինյանը կարծեց, թե կարող է մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, սակայն Ռուսաստանն այն երկիրն է, որին չի կարելի այս աստիճանի արհամարհել։
«Շատերը մեր երկրում նեղացած են, թե ինչու Ռուսաստանն իր պարտավորությունները չկատարեց։ Նայենք Ռուսաստանի աչքերով․ դու կարող ես կատարվողը կանգնեցնել միայն ուժային միջամտությամբ, այլ կերպ հնարավոր չէ։ Ուժային միջամտություն ու՞մ համար՝ Հայաստանի համար, որը ճակատարգական պահին քեզ «գցել է», անցել է թշնամիների ճամբարը։Ձեզանից որևէ մեկն իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞։ Սա ճակատագրական սխալ էր, և սրա գինը մենք բոլորս վճարել ենք Արցախի կորստով»,- հայտնեց Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ հիմա տեղի է ունենում երրորդ սխալը․ աշխարհակարգ է փոխվում, Հայաստանը որոշեց, որ սա հարմար պահ է աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու համար։ Սակայն դեռ հասկանալի չէ, թե ուր է գնում աշխարհը, ԱՄՆ-ն ինքն է ասում, որ աշխարհը բազմաբևեռ է դառնում, անկայունությունը շարունակվելու է, քանի դեռ նոր հավասարակշռություն աշխարհում չի ձևավորվել։
«Միացյալ Նահանգները համարում են, որ այսօր իրենց այլև հեգեմոն չեն և չեն էլ ցանկանում լինել, դա շատ ծախսատար է։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը․ ասում է՝ փոխում եմ աշխարհաքաղաքական վեկտորը, և կարծում է, թե ճիշտ պահն է։ Ես պնդում եմ, որ սա ամենավտանգավոր պահն է»,- ասաց Քոչարյանը։
Ընդհանրացնելով սխալները՝ ՀՀ երկրորդ նախագահն ասում է՝ իշխանություններին բնորոշ է անհեռատեսությունը, մասնագետների գնահատականների նկատմամբ արհամարհանքը, մեծամտությունը։