Թուրքիայի սահմանի բացում և քառակողմ համաձայնագիր Թեհրանում
Auroranews-ի տեղեկություններով Հայաստանի արտաքին գերատեսչությունը ակտիվ բանակցություններ է վարում Թուրքիայի իշխանությունների հետ հայ-թուրքական սահմանն առաջիկա ամիսներին բացելու շուրջ: Մեր աղբյուրի փոխանցմամբ սահմանի բացման առաջին փուլում Հայաստանը հնարավորություն կստանա Թուրքիայի տարածքով ապրանքներ արտահանել Եվրոպա:
Այս համատեսքստում ընդգծենք, որ այս տարվա հունվարի 27-ին Անկարայում Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Թուրքիայի ԱԳՆ Կովկասի և Միջին Ասիայի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Այշե Ուզերը և ԱԳՆ այլ ներկայացուցիչները ընդունել էին Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի կառավարման խորհրդի նախագահին և խորհրդի անդամներին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, հավաքի գլխավոր օրակարգային հարցը եղել է Կարսի Աքյաքայի շրջանում գտնվող «Արևելյան դարպաս» սահմանային անցակետի բացումը: Հունվարի 23-ին էլ ՀՀ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանն առանց նախապայմանների պատրաստ է հենց վաղը Թուրքիայի հետ ունենալ բաց սահմաններ: Արտահանման նպատակով Թուրքիայի հետ սահմանի բացումը իշխանությունները դիտարկում են, որպես Վերին Լարսի այլընտրանք: Ավելի ստույգ` քաջ գիտակցելով, որ դեպի Եվրամիություն շարժվելով ԵԱՏՄ-ի հետ ակտիվ ապրանքաշրջանառությունը հնարավոր չէ:
Auroranews-ի տեղեկություններով Թուրքիայի հետ ճանապարհի բացումը Վերին Լարսի միակ այլընտրանքը չի լինելու: Մասնավորապես, աղբյուրի փոխանցմամբ փետրվարի 25-ին Թեհրանում տեղի է ունենալու քառակողմ հանդիպում Հայաստանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև, որի օրակարգում բացառապես լոգիստիկ և ապրանքաշրջանառության հարցերն են լինելու: Մասնավորապես նախատեսվում է կնքել համաձայնագիր Հայաստան-Իրան-Թուրքմենստան-Ղազախստան ապրանքաշրջանառության վերաբերյալ: