Ռուբեն Վարդանյանի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է հայտնել
Free Armenian Prisoners նախաձեռնությունը ներկայացրել է The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերի դիտարկումները․
«Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը հարցազրույցում իր պաշտպանյալին և մյուս 15 հայերին առաջադրված մեղադրանքները որակել է որպես «քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներ»: Նա ընդգծել է, որ դատավարությունները, որոնք անցկացվում են զինվորական դատարանում՝ չնայած բանտարկյալների քաղաքացիական կարգավիճակին, զուրկ են թափանցիկությունից և անաչառությունից:
Որպես այս դատավարությունների հիմնական առանձնահատկություն նա առանձնացրել է հետևյալ կետերը՝
Դռնփակ գործընթաց: Դատական լսումներն անցկացվել են փակ դռների հետևում, որոնց մասնակցել են միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցները։ Արգելվել է միջազգային լրատվամիջոցների և անկախ դիտորդների մուտքը:
Օրինական իրավունքների խախտում: Ռուբեն Վարդանյանին մերժվել է իր փաստաբանի հետ շփումը, նա չի ունեցել հնարավորություն ծանոթանալու հիմնական իրավական փաստաթղթերին, օրինակ՝ 400 էջանոց մեղադրական եզրակացությունը, որը գրված է ադրբեջաներեն, որին Վարդանյանը չի տիրապետում:
Խոշտանգումներ: Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումների, այդ թվում՝ մենախուց, սննդից և ջրից զրկում և մշտական խիստ հսկողության պայմաններ:
Գենսերն ընդգծել է, որ այս դատավարությունները Արցախի ղեկավարությունը կազմաքանդելու, ինքնորոշման ջանքերը ճնշելու և տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու ավելի ընդգրկուն արշավի մի մասն են։
Վարդանյանի միջազգային իրավապաշտպանը վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է ավելի կոշտ քաղաքականություն որդեգրելու Ադրբեջանի նկատմամբ, ներառյալ՝ հնարավոր պատժամիջոցներն ու դիվանագիտական ճնշումը։ Նա կարևորել է Թրամփի՝ նախկինում արված դատապարտումը՝ Արցախում էթնիկ զտումների հարցում, ինչը ենթադրում է, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում կլինի նրա ղեկավարության ներքո։
ԱՄՆ-ի հարցում ունեցած լավատեսության ֆոնին՝ Գենսերը հիասթափություն է հայտնել Վարդանյանի և մնացած բանտարկյալների շահերի պաշտպանության հարցում Հայաստանի կառավարության սահմանափակ ջանքերի առնչությամբ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել՝ ավելի ակտիվ դերակատարություն ցուցաբերել միջազգային հանրության աջակցությունը ներգրավելու գործում։
Ջերարդ Գենսերը նաև հորդորել է հայկական սփյուռքին՝ միասնության և գործողության։ Նա ներկայացրել է կոնկրետ քայլեր, որոնք անհատները և համայնքները կարող են ձեռնարկել, այդ թվում՝
Գրել հոդվածներ և փոխգործակցել լրատվամիջոցների հետ՝ ընդլայնելու և բարձրացնելու խնդրի մասին իրազեկվածությունը
Համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ կառավարությունների և կառույցների վրա ճնշում գործադրելու համար
Համագործակցել այլ հալածյալ համայնքների հետ՝ խթանելու գլոբալ համերաշխությունը:
«Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար։ Խոսքը միայն հայերի մասին չէ. խոսքն արժանապատվության և ազատության հիմնարար իրավունքի մասին է»,-նկատել է Գենսերը։
Չնայած մռայլ հանգամանքներին՝ Գենսերը հույսը չի կորցնում։ Կարծում է, որ միջազգային չդադարող քարոզչությունը և Ալիևի ռեժիմի վրա ահագնացող ճնշումները, ի վերջո, կհանգեցնեն արդարության։ Նա ընդունում է Վարդանյանի և մնացած բանտարկյալների համար խիստ պատժի հավանականությունը, սակայն շեշտում է, որ նման գործողությունները հաճախ առաջացնում են համաշխարհային զայրույթ՝ ստիպելով ավտորիտար երկրների առաջնորդներին վերանայել իրենց կեցվածքը:
«Ռուբեն Վարդանյանի պատմությունը տոկունության վկայությունն է, և այն հիշեցնում է բոլորիս, որ արդարության համար պայքարը երբեք ապարդյուն չի լինում»,-իր խոսքը լավատեսորեն եզրափակել է Ջերարդ Գենսերը»: