Այս առաջնությանը թիմը կատարյալ պատրաստ չէր․ Գիլոյան
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ վերջին անգամ 2019 թվականին Սիմոնը, որ դարձավ աշխարհի չեմպիոն, ես էլի այնտեղ էի, հիմա դատելով այն բանից, որ հավաքականը իր լավագույն մարզավիճակում չէ, այստեղ մտավախություն կար, որ կարող է նաև ինչ-որ բան այնպես չգնալ:
«Այս առաջնությանը թիմը կատարյալ պատրաստ չէր, ու դա էին վկայում զրոներն ու վնասվածքները: Հետո ընթացքն էլ ցույց տվեց, որ մրցակցությունը շատ ուժեղ է լինելու, հատկապես Իրաքի երիտասարդ ներկայացուցչի ռեկորդների տեղատարափը սկսեց մտավախություն առաջացնել, և հետո ԻԻՀ երկու հզոր տղաների մասնակցությունը»,- նշեց նա:
«Վարազդատը երկրորդ մոտեցման ժամանակ մի քիչ թպրտացրեց սրտերը, զարկերակի բաբախումն արագացավ, բայց հաջորդ մոտեցմամբ ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում: Պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք ծանրամարտի: Շնորհավորում եմ բոլորիս. լավ եզրափակում էր տարվա»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:
«Գալիս են աղջիկներ, ովքեր շատ լուրջ խոսք են ասելու: Ու Ալեքսանդրան էլ ակնհայտ առաջատարն է: Շատ լավ է, որ այս տարիքից արդեն իր խոսքն ասաց: Տա Աստված, որ վնասվածքներից զերծ լինի, առանց շտապելու, հետևողականորեն: Ի վերջո, կարևորը օլիմպիական խաղերն են, քառամյա ցիկլն ավարտվում է օլիմպիական խաղերով, և մենք հիմա պետք է դրան գնանք, և ոչ թե ժամանակից առաջ ընկնելով, 2-3 մեդալ փախցնելու տրամաբանությամբ անենք ինչ-որ քայլեր: Պետք է շատ հանգիստ, առանց շտապելու, առանց խուճապի մատնվելու գնալ առաջ ու հետո տոնել մեծ ու կարևոր հաղթանակ»,- ասաց Կարեն Գիլոյանը:
«Աննկարագրելի զգացողություն էր, երբ 2019-ից հետո մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունում, դա բոլորին ուրախացրեց, ոչ միայն ինձ, հուսով եմ` սա սկիզբը կլինի իմ հաջողությունների, ու կկարողանանք բարելավել մեր արդյունքները»,- նշեց բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ ընդամենը 19 տարեկանում: