Եթե ճնշած լինեինք` հրաժարական կտար. Սիմոնյանը` Աղազարյանի մասին
Բացասական եմ վերաբերվում Հովիկ Աղազարյանի՝ վարչապետի խնդրանքը մերժելուն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով իր և Աղազարյանի զրույցին, Սիմոնյանը վստահեցրեց՝ չի սպառնացել նրան: «Ես Աղազարյանին չեմ սպառնացել, եթե ես մեկին սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ: Անկեղծ զրույց է տեղի ունեցել, անկեղծ զրույցը խոսակիցների մեջ շատ ավելի բարդ է և ավելի ուրիշ տրամաբանության մեջ է, էմոցիոնալ խոսքի մասին է, և մենք բավական երկար զրուցեցինք»,- ասել է նա:
«ՀՀ վարչապետը Հանրայինի եթերում, հրապարակային դիմել է նրան խնդրանքով, ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը մերժել: Ես չեմ քննարկում պատճառները, ես չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ, ես իրեն էլ եմ դա ասել»,- ասել է Սիմոնյանը:
«Ես չեմ քննարկել որևէ պատճառ ու հարց, ես քննարկել եմ այն հարցը, որ կա նման պահանջ, խնդրանք և այդ խնդրանքը պետք է բավարարվի: Եթե ճնշած լինեինք` հրաժարական կտար:
Մենք տարիներ շարունակ իրար հետ պայքարել ենք և տարիներ շարունակ տարբեր ֆորմատներում կուսակցական աշխատանք ենք վարել: Ինչ վերաբերում է ճնշմանը կամ կարծիքին, կլինի վարչության նիստ, այդ ընթացքում ես իմ դիրքորոշումը կասեմ, կասեմ նույնն ինչ իրեն եմ ասել»,- նշել է նա:
Հարցին՝ խմբակցությունից հեռացման հարց կարո՞ղ է բարձրացվել թե ոչ, նա պատասխանեց. «Պարոն Աղազարյանը, եթե իրեն դնում է թիմից դուրս, իսկ դա թիմից դուրս դնել է, ինքն այդ թիմի հետ ճանապարհ չունի անցնելու: Եթե դու դնում ես քեզ թիմից դուրս, դա ամենավատ բանն է, պարոն Աղազարյանն ինքն է դա արդեն արել, չիգտեմ՝ վարչությունը ինչ որոշում կկայացնի, բայց եթե դա տեղի ունենա, դա ուղղակի ստեղծված իրավիճակի արձանագրում կլինի»:
Հարցին էլ՝ եթե նա նման SMS ստանար, ի՞նչ կաներ, Սիմոնյանը նախ ասաց, որ եթե-ներով հարցերի չի պատասխանում, ապա ավելացրեց. «Բայց եթե ՀՀ վարչապետը ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին»:
Անդրադառնալով Աղազարյանի Մոսկվայի ընկերոջը, Սիմոնյանն ասաց. «Մոսկվայի ընկերը, ինձ թվում է, Կառլսոնի պես մի բան է, ինձ թվում է գոյություն չունի»: