Զենքի կիրառում և առևանգման փորձ՝ Եղեգնաձորում. մանրամասներ

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում գործող մթերային խանութի բակային տարածքում Ա.Ս.-ն, իր ընկերների հետ, վիճաբանել է Վ.Ղ.-ի և նրա ընկեր Ռ.Վ.-ի հետ, որի ընթացքում, հայհոյանքներով խախտել են մարդկանց անդորրը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք:


Չբավարարվելով նշված վայրում տեղի ունեցածով՝ Ա.Ս.-ն առաջարկել է այլ վայրում պարզաբանումները շարունակել, ապա, Վ.Ղ.-ի կամքին հակառակ նրան խանութի դիմացից այլ վայր տեղափոխելու դիտավորությամբ, բռնել է նրա հագուստից և քաշելով մոտեցրել խանութից քիչ հեռու կայանված «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենային:


Այդ ընթացքում Ա.Ս.-ին են միացել նաև նրա ընկերներ Ս.Ա.-ն և Մ.Հ.-ն, ովքեր նույնպես բռնել են Վ.Ղ.-ի հագուստից և նրան քաշքշելով փորձել են նստեցնել «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան։ Ս.Ա.-ն, ձեռքը տանելով վերջինիս մեջքի հատված, նրա գոտկատեղից վերցրել է 9մմ տրամաչափի ատրճանակն ու այն պահել Վ.Ղ.-ի գլխի ուղղությամբ՝ պահանջելով նստել ավտոմեքենան: Այնուհետև Ս.Ա.-ն վերոհիշյալ ատրճանակից 1 անգամ օդ է կրակել, ապա ատրճանակի փողը կրկին ուղղել է Վ.Ղ.-ի գլխի ուղղությամբ, շարունակելով պահանջել նրանից՝ նստել մեքենան:


Այդ ընթացքում Մ.Հ.-ն, Ռ.Հ.-ն և Ա.Ս.-ն, խմբի կազմում, Վ.Ղ.-ին քաշքշելով և հարվածներ հասցնելով, նրա կամքին հակառակ, նստեցրել են նշված ավտոմեքենան, սակայն Ռ.Վ.-ն միջամտել է և Վ.Ղ.-ին մեքենայից դուրս բերելով հեռացրել։


Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, իսկ Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրանց մեղադրանքներ են ներկայացվել:


Դատարանի որոշումներով Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի նկատմամաբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ՝ տնային կալանքը: