«Կարձագանքենք բոլոր միջոցներով»․ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են անում

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Թհե Յելի հայտարարությանը, որ Սեուլի կողմից Կիևին զենքի մատակարարումը կախված կլինի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցության զարգացումից: 


«Նախ կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի երկկողմ համագործակցությունը կառուցվում է միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերին համապատասխան և ուղղված չէ որևէ երրորդ երկրի, այդ թվում՝ Կորեայի Հանրապետության դեմ: Այս մասին բազմիցս հրապարակավ հայտարարվել է, առաջին հերթին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից»,- նշել է նա։


Ինչ վերաբերում է Սեուլի կողմից Կիևին զենքի հնարավոր մատակարարումները Մոսկվայի և Փհենյանի միջև փոխգործակցության զարգացման հետ կապելուն, ապա, ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով, նման մոտեցումը կարող է շատ բացասական հետևանքների հանգեցնել:


«Ակնհայտ է, որ ուկրաինական հակամարտությունը ոչ մի կապ չունի Կորեական թերակղզու հետ։ Միևնույն ժամանակ, Սեուլի իշխանությունները, որոնք աջակցում են ՆԱՏՕ-ի «համախոհներին», շարունակում են արհեստականորեն խթանել ԿԺԴՀ-ի զինծառայողների թեման իր տարածքում, որպեսզի ուժեղացնեն ուժային ճնշումը Փհենյանի վրա՝ գործելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ սերտ համագործակցությամբ: Սա, իր հերթին, համապատասխանում է նաև «Հավաքական Արևմուտքի» խնդիրներին, որը ձգտում է ներգրավել Կորեայի Հանրապետությանը Զելենսկու ռեժիմը սպառազինությամբ պոմպացնելու ընդհանուր ջանքերում և դրանով իսկ այն դարձնել արևմտյան հանցագործությունների հանցակից: Սեուլում պետք է իրենց հաշիվ տան, որ ռուսական քաղաքացիներին սպանելու համար Հարավկորեական սպառազինության հնարավոր օգտագործումը վերջնականապես կփչացնի մեր երկրների հարաբերությունները։ Իհարկե, մենք կարձագանքենք բոլոր միջոցներով, որոնք անհրաժեշտ կհամարենք։ Հազիվ թե դա կամրապնդի Կորեայի Հանրապետության անվտանգությունը»,- նշել է Ռուդենկոն։


ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոն կոչ է արել Սեուլին սթափ գնահատել իրավիճակը և զերծ մնալ անխոհեմ քայլերից։


«Հուսով եմ, որ վարչակազմում կառաջնորդվեն առաջին հերթին երկարաժամկետ ազգային շահերով, այլ ոչ թե դրսից հուշված այսրոպեական կոնյունկտուրային նկատառումներով»,- եզրափակել է նա։

Պատահարներ