
ՌԴ-ն սկսել է քաղաքացիությունից զրկել մարդկանց․ որն է պատճառը

Ռուսաստանի ՆԳՆ-ն այսօրվանից սկսում է զրկել ՌԴ քաղաքացու կարգավիճակից այն անձանց, ովքեր ստացել են ՌԴ քաղաքացիություն, սակայն չեն անցել երդման ընթացակարգը: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ համապատասխան նորմերն ամրագրված են քաղաքացիության հարցերով ՌԴ նախագահի հրամանագրում:
ՆԳՆ մամուլի կենտրոնում պարզաբանել են, որ նոյեմբերի 22-ին լրացել է այդ կատեգորիայի քաղաքացիների երդման ժամկետը։
«Նման անձինք 2024 թվականի նոյեմբերի 23-ից կհամարվեն Ռուսաստանի քաղաքացիություն չստացած, և նրանց ՌԴ քաղաքացիություն ընդունելու մասին որոշումները կհամարվեն անվավեր»,- ասվում է գերատեսչությունում։
Հրամանագրի դրույթները չեն տարածվում նրանց վրա, ովքեր Ռուսաստանի քաղաքացիություն են ձեռք բերել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ երդում տալու պարտականությունն ուժի մեջ է մտել, կամ քաղաքացիություն ստանալու պահին ազատվել են դրանից:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր 2017 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիություն ստացած անձանց ամենակարճ ժամկետում երդում տալու անհրաժեշտության մասին: Այս կարգը տարածվում է նաև երեխաների վրա, Եթե նրանց քաղաքացիություն ստանալու մասին որոշումը կայացվել է նրանց 18 տարին լրանալուց հետո:
Ռուսաստանի քաղաքացիություն ստանալիս պարտադիր երդում սահմանելու առաջարկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արել էր 2017 թվականի ամռանը: Ընթացակարգը ենթադրում էր տեքստի ընթերցում և ձևաթղթի վրա ստորագրություն: 2023 թվականին ընդունվել է դաշնային օրենք և ստորագրվել է նախագահի հրամանագիր, որոնք պահպանել են այդ նորմերը։ Նախագահական վերջին փաստաթղթում ասվում է քաղաքացիություն ստացած անձանց մեկ տարվա ընթացքում երդում տալու անհրաժեշտության մասին: