Որքան վատ, այնքան լավ նրա համար. Վոլոդին

Արևմուտքի երկրների ղեկավարները պետք է հասկանան, որ Ռուսաստանն իրեն կպաշտպանի։ Այս մասին Ռոսիա-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։


«Կարող եմ միանգամից ասել, որ հարված հասցնելու որոշումը ճիշտ է և երկար սպասված։ Մենք բազմիցս խոսել ենք, և բոլոր նրանք, ովքեր ուզում էին լսել, նրանք երևի իրենց համար հասկացան: Իսկ նա, ով դրան հակառակ սկսել է ամեն ինչ անել էսկալացիան մեծացնելու համար, առաջին հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրոպայում նրա ընկերները և այլք, նրանք պետք է հասկանան՝ Ռուսաստանն իրեն կպաշտպանի։ Եվ մենք դա անելու բան ունենք»,-ասել է նա։


«Բոլորն էլ հասկանում են, որ մարտահրավերների, էսկալացիայի իրավիճակում, երբ հարվածներ են հասցվում մեր ռուսական քաղաքներին, պետք է պատասխանել։ Իսկ ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն հեռացող նախագահին և եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներին, նրանք պետք է մտածեն։ Այսօր հենց նրանք են ամեն ինչ անում էսկալացիան մեծացնելու համար, որպեսզի աշխարհը մխրճվի խնդիրների անդունդը», - հավելել է Վոլոդինը և նշել.


«Իրավիճակն իսկապես բարդ է, բայց ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք կաջակցենք նախագահին, մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկիրն իրեն ոչ միայն կարողանա պաշտպանել, այլև կայուն զարգացում ապահովել»:


Մեկնաբանելով Բայդենի գործողությունները՝ Վոլոդինը հայտարարել է, որ նա ցանկանում է վերջում հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել նրանց համար, ովքեր այսօր ընտրվել են և մի քանի ամիս անց կսկսեն արդեն պատասխանատու լինել Ամերիկայի Միացյալ Նահանգներում տիրող իրավիճակի համար:


«Դրա համար են նրա բոլոր արարքները, դրանք խոսում են մի բանի մասին՝ որքան վատ, այնքան լավ նրա համար։ Բայց այս դեպքում ավելի վատ է ամբողջ աշխարհի համար, ավելի վատ՝ նույն ամերիկացիների համար։ Եվ, իհարկե, ամենից շատ տուժում է Եվրոպան», - նշել է Պետդումայի նախագահը։