ՔՊ-ական պատգամավորի թմրանյութի թեստը դրական է. «Ժողովուրդ»
Հետազոտությունը հաստատել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը թմրանյութ է օգտագործում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցը գրում է, որ նոյեմբերի 12-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, որտեղ քննարկվել էր Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու էր ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի և իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։
Թերթի փոխանցմամբ՝ «Սարուխանյանի հետազոտության արդյունքները դրական պատասխան են ցույց տվել, այսինքն՝ արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն»։
Օրաթերթի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է թմրանյութի թեստի դրական արդյունքի մասին լուրերը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռոորդին` Վարուժ Խոջումյանը և նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանը: