Փաշինյանը Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ»
«Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նոյեմբերի 12-ի նիստում մի նոր սկանդալ է գրանցվել: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» թերթը:
Երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով վարչության նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին՝ իր համար վստահելի բժշկի և իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել։
Այս նիստից ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը և նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանը: Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաև Գյումրու ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ. և նա, որպեսզի ՔՊ-ի վրա հետք չթողնի, օրերս հայտարարեց, թե դուրս է գալիս իշխող կուսակցությունից:
օրաթերթը պարզել է, որ Փաշինյանն ինչ-որ օղակներով տեղեկություն է ստացել, որ Կարեն Սարուխանյանը ևս ինչ-ինչ առնչություն ունի թմրանյութերի հետ. դրա համար էլ Փաշինյանը որոշել է անակնկալ կերպով, իր վստահելի մարդկանց միջոցով ճշտել իրականությունը:
Ինչպես օրաթերթի աղբյուրներն են փոխանցում՝ Սարուխանյանը բժշկի ու անվտանգության աշխատակցի հետ գնացել է, և ներկաներն այդպես էլ չեն իմացել, թե ինչ արդյունք է գրանցվել՝ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր, թե ոչ: Միայն հայտնի է, որ ՔՊ-ն ջանքեր է գործադրում՝ Գյումրիում ընտրությունները հետաձգելու ուղղությամբ:
Օրաթերթը այս հարցի առնչությամբ դիմել է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին, ով թեև խուսափողական պատասխաններ տվեց, բայց չհերքեց մեր ունեցած բոլոր տեղեկությունները, որոնք իրեն ուղղել էինք հարցի տեսքով:
«Ես վարչության փակ նիստից որևէ տեղեկություն ասելու իրավասություն չունեմ: Չգիտեմ՝ ով է այդ տեղեկությունը տվել, թող հրապարակի, իմանանք, թե ով է փակ նիստից ինֆորմացիա դուրս հանել», – ասել է Սարուխանյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: