Ճիշտն ասած, ես լավ չհասկացա, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ․ Փաշինյան

Երեկ կամ նախորդ օրն Ազգային ժողովում խոսք գնաց, ինչն ինձ համար շատ զարմանալի էր, որ Կիրանցի հատվածից անասունները սահմանն անցնում են: Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ճիշտն ասած, ես լավ չհասկացա, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, կամ դա կարող է տեղի ունենալ միայն սահմանի այն հատվածում, որը դեռ այդ սահմանային ենթակառուցվածքով կահավորված չէ: Պարո՛ն մարզպետ, սրա հետ կապված ի՞նչ ինֆորմացիա կարող եք ասել, այսինքն՝ այդտեղ ինչ-որ խնդիր կա՞, խնդիր է ծագե՞լ կամ ծագո՞ւմ է այնտեղ»,- ասաց նա։


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ի պատասխան նշեց, որ սահմանազատումից հետո մինչև սահմանի վերջնական կահավորումը, այսինքն՝ փշալարի անցկացումը, մի քանի նմանատիպ դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձվել են:


«Սա ժողովրդի կողմից ուշադրության կենտրոնում չի, որովհետև բոլոր դեպքերը դրական լուծում են ստացել»,- ասաց նա։


Փաշինյանը միջամտեց՝ ասելով, այսինքն՝ դեպքը տեղի է ունեցել, դրական լուծո՞ւմ է ստացել, դա լավ պատասխան չէ։


«Այսինքն՝ ո՞նց կարող է կենդանին փշալարի վրայով անցնել»,- հետարքրքվեց վարչապետը:


Մարզպետը նշեց, որ դեպքերը մինչև փշալար անցկացնելն են գրանցվել:


Փաշինյանն էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեց՝ կահավորման աշխատանքներն ի՞նչ փուլում են, արդյոք դեռ ընթացքի մեջ են:


«Պարո՛ն վարչապետ, կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, վերջնական չենք ավարտել, իսկ այդ անասունների անցումը տեղի է ունեցել մինչև փշալարերի տեղադրելու պահը։ Դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»,- ասաց Աբազյանը: