Հայ ժողովուրդը չի հավատում պատմությանը․ ՔՊ պատգամավոր

Կառավարության և իշխող մեծամասնության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության լավագույն ցուցիչը խորհրդարանական ընդդիմության անհիմն քննադատություններն են, մանիպուլյացիաները, անտեղի մեջբերումները և, իհարկե, կեղծ թեզերն ու զրպարտությունները: Այս մասին ԱԺ ամբիոնից 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:


«Գեղամ Մանուկյանը խոսում էր, թե լուրեր են տարածվում հնդկական մամուլում` Հայաստան զենքեր են գալիս: Դուք մեկ ասում եք` ցույց տվեք, մեկ ասում եք՝ ցույց մի տվեք, հիմա ցույց տա՞նք, թե՝ չէ, հարգելի ընդդիմություն: Այսպե՞ս էլ անորոշ վիճակ կլինի, որ մեզ համար եք ստեղծել: ԱԺ ամբիոնից ասում եք՝ այնպես արեք, որ հնդկական մամուլը չգրի, այդպիսի բան կարողանայինք անել, այնպես կանեինք, որ դուք չգրեիք: Ամբողջ օրն ինչ ուզում՝ գրում եք, ինչ ուզում՝ հորինում ու գրում եք, այ քեզ բան»,- ասաց Հովհաննիսյանը:


Հովհաննիսյանի խոսքով՝ հայ ժողովուրդը չի հավատում պատմությանը, հավատում է իրականությանը:


«Այստեղ է մեր և ձեր ունեցած պատկերացումների տարբերությունները պատմական և իրական Հայաստանների մասին: Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա ինքնիշխանուրթյուն, չկա պետականություն և գուբերնատոր դառնալու հնարավորություն կա: Սա է այն ձգտումը, որին դուք ուզում եք հասնել: Դրա համար եք ասում, որ իրական Հայաստանը սպառնալիք է: Այո՛, Դաշնակցության համար սպառնալիք է իրական Հայաստանը, որտեղ չկաք դուք, չկա ազգային ազատագրական պայքարի վերնագրի ներքո գուբերնատորներ դառնալու շանս»,- ասաց նա:


Ըստ նրա՝ իրական Հայաստանը պատմական բոլոր ժամանակների պայքարի վերջնարդյունքն է, և իրական Հայաստանը պատմական Հայաստանի հաղթանակն է: