Մարդիկ փաստի առաջ են կանգնել. Թորոսյանը` էլեկտրականմեքենաների մաքսատուրքի մասին

Երեկ մի հարց էի բարձրացրել՝ իրական Հայաստանի իրական քաղաքացիների վերաբերյալ՝ էլեկտրականմեքենաների ներմուծման հաջորդ տարվա քվորտայի վերաբերյալ, եւ ուզում եմ շարունակել հարցը, որովհետեւ կարծես որոշ բաներ պակաս մնաց: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով քննարկվող մի նախագծի, ըստ որի՝ էլեկտրական մեքենաների քվոտայի՝ մյուս տարվա բաշխումը տեղի է ունենալու այլ մեխանիզմով:


«Գիտեք, որ անցյալ տարի ԵԱՏՄ-ից ստացել ենք քվոտա՝ 2 տարի առանց մաքսատուրքի մեքենաներ ներմուծելու, ամեն տարի՝ 8000 հատ: Բարեբախտաբար, առաջին անգամ այս տարի այդ քվոտան լրացել է: Ինչո՞ւ բարեբախտաբար, որովհետև անցյալ տարի այդ քվոտան չէր լրանում, մարդիկ չէին բերում մեքենաներ, չէին հավատում, որ այդ տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանում էլ տեղ ունի:


Քվոտան լրանալուն պես առաջացավ հարց՝ մյուս բերողներն ոնց են անելու, ուզում են մուծեմ մաքսատուրքը, թե ոչ: Որոշ քաղաքացիներ ուզում են սպասել եւ հաջորդ տարի մուծել այդ մաքսատուրքը»,-ասաց նա:


Նշենք, որ եթե նոր որոշումն ընդունվի, ԱԱՀ-ից կազատվեն միայն 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված մեքենաները, ինչը փաստի առաջ է կանգնեցրել քաղաքացիներին, որոնք արդեն էլեկտրական մեքենաների ներկրման փուլում են:


Արսեն Թորոսյանն ընթերցեց երկու քաղաքացիների նամակ, որոնք իրենց էլեկտրական մեքենաները ձեռք են բերել մի քանի օր առաջ, բայց քանի որ նոր կանոն է մտցվել, նրանք տուժած են դուրս եկել: Քաղաքացիներից մեկը, օրինակ, որը 50 հազար դոլարանոց մեքենա է ձեռք բերել, կանոնի փոփոխության հետևանքով 8000 դոլարի բեռ է ավելացել: Պատգամավորն այս մասով մի քանի խնդիր է տեսնում:


«Առաջինը, որ կանխատեսելիություն, այնուամենայնիվ, մենք չենք տալիս մեր քաղաքացիներին, և անցյալ տարի, երբ մենք ԱԱՀ արտոնությունը քննարկում էինք, ես ինքս եմ առաջարկել, որը չի ընդունվել ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից, որ 5 տարվա մեքենաների վրա դնենք ԱԱՀ արտոնությունը, բայց քննարկումների արդյունքում որոշվել է, որ մենք նման բան չենք անում: Հիմա մենք ճանապարհի կեսից փոխում ենք այս կանոնը, հատկապես ձեռք բերված մեքենաների մասին է խոսքը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ձեռք բերված մեքենան ՀՀ է հասնում 3-4 ամսում, իսկ եթե ճանապարհները ծանրաբեռնված են լինում, ապա ավելի երկար ժամանակում, և քաղաքացիները կանգնում են փաստի առաջ:


«Երկրորդը՝ ինչո՞ւ երկու տարեկան: Եթե երկու տարեկանը որևէ կոնկրետ հիմնավորում ունի, եկեք դրա մասին էլ խոսենք, որովհետև հատկապես նոր արտադրվող ու վերջին մի քանի տարիներին արտադրվող մեքենաների դեպքում մարտկոցների գործարանային երաշխիքն է նույնիսկ 8 տարի մոտավորապես:


Եվ երրորդը՝ կարծես թե մենք բնապահպանական հարկ ենք գանձում դրա համար՝ այս տարվանից սկսած, այսինքն՝ կրկնակի ֆի՞լտր ենք դնում ամեն ինչի վրա»,- ասաց պատգամավորը և խնդրեց Կառավարության ներկայացուցիչներին որոշում կայացնելիս հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները:


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի 2025 թվականի քվոտայի բաշխմանը վերաբերող նախագիծը, որն ըստ էության տարածվելու է նոր` 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների վրա: