Արմեն Մելիքբեկյանին կհեռացնեն պաշտոնից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին բազմիցս խոսվել է: Ցավոք սրտի, ՀՖՖ ներկա ղեկավարության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով հայկական ֆուտբոլը թերեւս գտնվում է պատմական ամենացածր նիշի վրա. գրեթե անդադար պարտություններ են կրում բոլոր տարիքային խմբերի հավաքականները, իսկ ազգային թիմը հազիվ է կարողանում ոչ ոքի կորզել նույնիսկ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում:
Մելիքբեկյանի եւ նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանի կողմից իրականացրած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ֆեդերացիայի նախագահի հրաժարականն են պահանջում ոլորտի կարեւոր խաղացողները՝ «Փյունիկ», «Ուրարտու», «Շիրակ» ակումբները, հավաքականի «ՖԱՖ» եւ «Կարմիր արծիվներ», «Արարատ Արմենիա», «Շիրակ», «Ուրարտու» ակումբների երկրպագուները եւ բազմաթիվ անհատներ:
Ֆեդերացիայում տիրող իրական վիճակի մասին կարելի է դատել թեկուզ միայն այն փաստով, որ ուրբաթ օրը որոշ փոքր ակումբներ տեղադրեցին տեքստ, իբրեւ թե սատարում են Մելիքբեկյանին, իսկ տեքստը մի քանի անգամ փոխվեց, քանզի այնտեղ կային, օրինակ, «ՆՈԱ» եւ «Արարատ Արմենիա» ակումբների անունները, որոնք հետո հանվեցին: Ստացվում է՝ ծանրակշիռ ակումբներից ոչ մեկը չի ուզում պաշտպանել այս մարդկանց:
Լրատվականին փոխանցում են, որ իշխանական վերնախավում եւս, կարծես թե, հակված են հեռացնելու անդադար խնդիրներ ստեղծող ու դրա դիմաց որեւէ արդյունք չտվող Մելիքբեկյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի անգամ դիմում է գրել, որը կանխել է ֆեդերացիայի իրական ղեկավար ընկալվող Արմեն Նիկողոսյանը: Ի դեպ, կիրակի օրը պետք է սպորտային ալիքներից մեկով եթեր հեռարձակվեր Արմեն Նիկողոսյանի հարցազրույցը. դրա մասին նախապես հայտարարվել էր, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց եւ փոխարենը ցուցադրվեց երկուշաբթի երեկոյան:
Լրատվականը բազմաթիվ անգամներ գրել է ՀՖՖ-ում տեղ գտած արատավոր ու արտաքնապես հանցակազմ պարունակող երեւույթների մասին, բարձրաձայնել ենք ծնողների կողմից արված բողոքները, սակայն ՀՖՖ ներկա ղեկավարը, ով նախկին լրագրող է, կառույցը դարձրել է շատ փակ, ու հնարավոր չէ որեւէ տեղեկություն ճշտել