Միրզոյանը Ստամբուլում ներկայացրել է ՀՀ-ի տեսլականը
Հայաստանն անկեղծ հետաքրքրված է մեր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։
Ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում․
«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային խորհրդակցություններին և շփումներին։ Շարունակական և անկեղծ երկխոսությունը, մարդկանց միջև շփումների խթանումը, առևտրային և տնտեսական կապերի վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնությունների և ծրագրերի ներառականության ապահովումը կարևոր նախապայմաններ են առկա հակադրությունների հաղթահարման և մեր երկրների միջև ավելի լավ համագործակցության, զարգացման ու բարեկեցության հասնելու համար։
Մենք խորապես հավատացած ենք, որ այս նպատակին հասնելու համար բոլոր տարածաշրջանային դերակատարների պատասխանատու մոտեցումներն ու կառուցողական ջանքերը միաժամանակ մեծապես կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
Որպես ներառական և ոչ խտրական տրանսպորտային կապերի երկարամյա ջատագով՝ Հայաստանն անկեղծ հետաքրքրված է մեր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Տարածաշրջանային կապերի ամրապնդման վերաբերյալ մեր տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում, որը Հայաստանի վարչապետը ներկայացրել է մեկ տարի առաջ։
Այս նախագծի հիմնական նպատակն է զարգացնել հաղորդակցությունները տարածաշրջանի բոլոր երկրների միջև և դրանից անդին՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրագծերի վերակառուցման, կառուցման և շահագործման միջոցով։ Այս նախագծի իրականացման համար կարևոր են չորս սկզբունքներ՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավասորության հանդեպ հարգանք, ինչպես նաև հավասարություն և փոխադարձություն։ Իրականացման դեպքում «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ գլոբալ լոգիստիկ երթուղիների անբաժանելի մասը՝ ապահովելով ապրանքների տեղափոխման ավելի մեծ արագություն և արդյունավետություն։
Ուրախ եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը ողջունել են մեր բազմաթիվ գործընկերներ, և Իրանը նրանց շարքում առաջիններից էր։ Ունենալով փոխադարձ հանձնառություն՝ ընդլայնելու մեր առևտրային և հաղորդակցային կապերը՝ Հայաստանը ձեռնարկում է ակտիվ գործնական քայլեր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, գնահատում է Չաբահար նավահանգստի օգտագործման առավելությունները, ինչպես նաև աշխատում է մեր երկրների միջև ճանապարհային վճարները փոխադարձաբար նվազեցնելու ուղղությամբ։
Ավելի զարգացնելով մեր սահմանային ծառայությունների և մաքսային հսկողության հնարավորությունները հարևանների հետ՝ Հայաստանի սահմանապահ ծառայությունը 2025 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կստանձնի Հայաստան-Իրան սահմանային անցակետում գործողության ապահովումը։ Այս կապակցությամբ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և ծառայության համար»։