«Պատերազմի դեպքում Կորեայի Հանրապետությունը կկործանվի». հայտարարություն

Հյուսիսային Կորեայում երկու օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 14-ին և 15-ին, համազգային մասշտաբով, ավելի քան 1,4 միլիոն մարդ ցանկություն է հայտնել միանալու ժողովրդական բանակին, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալություն:


«Պատերազմի դեպքում Կորեայի Հանրապետությունը կկործանվի։ Նա պատերազմ է ուզում, և մենք սիրով կկործանենք նրան», - ասվում է հաղորդագրությունում:


Նշվում է, որ զորացրված սպաներն ու զինվորները և շատ այլ ուսանողներ վճռականություն են հայտնել անցնել ծառայության:


Վերջին շրջանում Կորեական թերակղզում իրավիճակը լարվել է: Նախօրեին Հյուսիսային Կորեան պայթեցրել է իր տարածքում միջկորեական ճանապարհների մի քանի հատվածներ։


Պաշտոնական Փհենյանը նախազգուշացրել էր, որ մտադիր է «ամբողջովին անջատել» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Երկրները միացված են ճանապարհներով և երկաթգծերով, որոնք նախկինում ըկալվում էին որպես դրանց միջև համագործակցության խորհրդանիշներ։


Օրերս Հյուսիսային Կորեայի բանակը հայտարարել էր, որ կձեռնարկի «էական ռազմական քայլ»՝ ամբողջությամբ կտրելով երկրի տարածքը հարևան Հարավային Կորեայից: Հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնապես չեղարկել է Հարավային Կորեայի հետ խաղաղ վերամիավորման ձգտող երկարամյա քաղաքականությունը: Հայտարարությունում ասվում էր, որ Հյուսիսային Կորեայի տարածքում գտնվող ճանապարհներն ու երկաթուղիները, որոնք կապված են հարավին, ամբողջությամբ կկտրվեն՝ փակելով մուտքը սահմանի երկայնքով:


Ըստ հարավկորեական բանակի՝ հունվարից ի վեր Փհենյանն ուժեղացրել է իր սահմանային պաշտպանությունը՝ ականապատելով տարածքները, հակատանկային թակարդներ կառուցելով և ապամոնտաժելով երկաթուղային ենթակառուցվածքները: