Կրկին մահափո՞րձ Թրամփի դեմ

Կալիֆորնիայում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին անցկացվող հանրահավաքի վայրի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել, հայտնում է ոստիկանությունը։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Կոաչելլա քաղաքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բյանկոյի խոսքով՝ Լաս Վեգասի 49-ամյա բնակիչ Վամ Միլլերին ձերբակալել են խաչմերուկի անցակետերից մեկում Թրամփի ելույթից մեկ ժամ առաջ՝ նա վարում էր սև ամենագնաց և կրում որսորդական հրացան, լիցքավորված ատրճանակ և մեծ ծավալի պահունակ:


Իշխանությունները նաև ասում են, որ տղամարդը ունեցել է բազմաթիվ անձնագրեր և վարորդական վկայականներ:


Հաղորդվում է, որ տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, իսկ ավելի ուշ ազատ է արձակվել 5000 դոլար գրավի դիմաց: Նրա դատական ​​նիստը նշանակված է հաջորդ տարվա հունվարի 2-ին։


Իշխանությունները հայտարարել են, որ միջադեպը չի ազդել Թրամփի կամ հանրահավաքի մասնակիցների անվտանգության վրա:


Տեղի շերիֆն ​​ասում է, որ ոստիկաններին, ըստ էության, հաջողվել է կանխել Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը, սակայն միջադեպի վերաբերյալ շատ հարցեր մնում են անպատասխան:


Չադ Բյանկոն հայտարարել է, որ անհնար է ենթադրել, թե ինչ է եղել կասկածյալի մտքում և խոստովանել, որ կարող է անհնար լինել ապաղցուցելը, որ տղամարդը մտադիր է եղել սպանել Թրամփին:


Նա նշել է, որ տղամարդու ամենագնացը կեղծ պետհամարանիշով է եղել, իսկ մեքենայի ներսում թափթփված վիճակ է եղել: Ըստ Բիանկոյի՝ այնտեղ հայտնաբերվել են տարբեր անուններով մի քանի անձնագրեր ու վարորդական վկայականներ։


Կասկածյալը նաև իշխանություններին ասել է, որ ինքը «Ինքնիշխան քաղաքացիներ» խմբավորման անդամ է:


«Չէի ասի, որ սա զինյալ խումբ է։ Դա պարզապես մի խումբ է, որը չի հավատում կառավարությանը և կառավարության վերահսկողությանը», - ասել է նա:


Չադ Բյանկոն հանրապետական ​​է և նախկինում հանդես է եկել ի պաշտպանություն Թրամփի: Նա նաև թեկնածուի վստահված անձ է Կալիֆորնիայում: