Հարիսը և Թրամփը բժշկական տեղեկանքներ են հրապարակել իրենց առողջական վիճակի մասին

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը «առողջական գերազանց վիճակում է» և «օժտված է ֆիզիկական և մտավոր կայունությամբ», որն անհրաժեշտ է նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար, հայտնել է նրա բժիշկը հրապարակած նամակում, որում հակիրճ ներկայացված է Հարիսի բժշկական պատմությունը և կարգավիճակը, հաղորդում է CBS-ը:


Ջոշուա Սիմոնսը՝ ԱՄՆ բանակի գնդապետը և փոխնախագահի բժիշկը, գրել է, որ 59-ամյա Հարիսը վարում է առողջ, ակտիվ ապրելակերպ, և որ անցած ապրիլին նրա վերջին բժշկական հետազոտությունը «նշանակալի» ոչինչ չի հայտնաբերել:


Սիմոնսը, որը վերջին երեքուկես տարիների ընթացքում եղել է Հարիսի անձնական բժիշկը, տեղեկացրել է, որ փոխնախագահի անամնեզում եղել են ալերգիկ ռեակցիաների և եղնջատենդի մասին գրանցումներ, որոնց համար վերջին երեք տարիներին նա ալերգենային իմունոթերապիա է ստացել: Զեկույցում Սիմոնսը հայտնել է նաև, որ փոխնախագահը կոնտակտային ոսպնյակներ է կրում թեթև կարճատեսության պատճառով: Նա նշել է նրա ընտանիքի պատմությունը, ներառյալ մոր մոտ հաստ աղիքի քաղցկեղի առկայությունը, և ասել, որ փոխնախագահը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների մասին, ներառյալ կոլոնոսկոպիան և ամենամյա մամոգրաֆիան:


Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները գրում են, որ Հարիսը չի հրապարակել իր բժշկական փաստաթղթերը 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ առաջադրվում էր որպես փոխնախագահ՝ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի թիմում։


Հարիսի ընտրարշավի թիմը դիտարկում է նրա բժշկական պատմության հրապարակումը որպես նախկին նախագահ, Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու, 78-ամյա Դոնալդ Թրամփի ֆիզիկական առողջության ու մտավոր ունակության վրա ուշադրություն դարձնելու հնարավորություն:


Հարիսի խորհրդականներն ասում են, որ կարող են համեմատել նրա տարիքը Թրամփի տարիքի հետ, որպեսզի դրդեն նրան ավելի նոր տեղեկություններ հրապարակել:


Հարիսի առողջական վիճակի հրապարակումից հետո Թրամփի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իրենց թեկնածուն «կատարյալ և գերազանց առողջություն ունի՝ որպես գլխավոր հրամանատար ծառայելու համար», սակայն նրա առողջության մասին մանրամասներ չի հայտնել: Նախկին նախագահի վերջին հրապարակված բժշկական փաստաթղթերը հանրայնացված նամակներն էին, որոնք բժիշկ Ռոննի Ջեքսոնը հրապարակել էր Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում Թրամփի դեմ մահափորձից հետո։


2023 թվականի նոյեմբերին Թրամփը հրապարակել էր իր օստեոպատ բժիշկ Բրյուս Արոնվալդի նամակը, որում ասվում էր, որ հետազոտվել է 2023 թվականի սեպտեմբերին, և որ իր «առողջական ընդհանուր վիճակը գերազանց է»։ Ոչինչ չի հաղորդվել նրա կենսական կարևորության ցուցանիշների կամ օգտագործած դեղամիջոցների մասին։ Օգոստոսին CBS News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ ուրախ կլինի հրապարակել իր բժշկական փաստաթղթերը, և որ վերջերս բուժզննում է անցել և ստացել «բարձրագույն միավոր»:


Նոյեմբերին ընտրվելու դեպքում Թրամփն իր պաշտոնավարման ավարտին կդառնա ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը։