Ժաննա Անդրեասյանի առաջարկած փոփոխությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում փոփոխություններ կատարեց ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում:


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Մեզ համար մեծ խնդիր էր, որ կամավոր ատեստավորումը կատարվում էր թղթային տարբերակով, ինչը բազմաթիվ բարդություններ և ժամանակային խնդիրներ էր առաջացնում ուսուցիչների համար:Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղական ենք ներդնում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան ատեստավորմանը մասնակցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով: 


Սա ևս մեկ միջոց կլինի խրախուսելու ուսուցիչների մոտ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները: Ուսուցիչ տեսնում է իր թեստի ճիշտ և սխալ պատասխանների թիվը, թե քանի հարցի է ճիշտ պատասխանել, քանիսին՝ սխալ: 


Վերջինս նշեց, որ այս պահին արդեն դիմումների ընդունումն ավարտել են. «Դիմել են ավելի քան 6 հազար թե ուսուցիչներ, թե մանկավարժի որակավորմանը համապատասխանող չաշխատող քաղաքացիներ»:


Առաջին ատեստավորման գործընթացը կմեկնարկենք նոյեմբերի 9-ից:


Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուսուցիչները էլի պետք է գան քննական կենտրոն, բայց հարցերին պատասխանելու են համակարգչի էկրանի վրա:


Ժաննա Անդրեասյանի խոսքով, այս համակարգը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացվի իր առանձին թեստը, ինչը նշանակում է, որ թեստը չի կրկնվում:


Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Տենց շրջիկ լուրեր կան, որ երրորդ հարցի ճիշտ պատասխանը 4-րդ տարբերակն է: Իսկ հիմա երրորդ հարցի ճիշտ պատասխանը միշտ չէ, որ 4-րդ տարբերակն է»: