ՀՀ-ն հուսով է առաջիկա 4 շաբաթվա ընթացքում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի դրույթները. ՀՀ նախագահը` Reuters-ին

Հայաստանը հուսով է առաջիկա չորս շաբաթվա ընթացքում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի դրույթները, Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ըստ նրա` այդ քայլը կարող է թուլացնել լարվածությունը Հարավային Կովկասում, թեև Բաքուն հասկացնում է, որ գործընթացը մտել է փակուղի:


Այդուհանդերձ, Հայաստանի նախագահն ասել է, որ Երևանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ կստորագրի Խաղաղության համաձայնագրի 16 հոդվածները մինչև COP29-ը, որը Բաքուն կհյուրընկալի նոյեմբերի 11-22-ը։


«Եթե միայն մենք լինեինք, այն կստորագրեինք հենց հիմա, այսօր: Բայց հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Համբուրգի Կայուն զարգացման համաժողովի շրջանակներում:


Համաձայնեցված հոդվածները պարունակում են միջազգայնորեն ճանաչված հիմնական դրույթներ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Դրանք նաև ապահովում են մեխանիզմ, որը թույլ է տալիս երկու կողմերին` շարունակելու բանակցությունները, ի թիվս այլ դրույթների, ըստ Հայաստանի վարչապետի անցյալ ամիս ունեցած ելույթի:


Խաչատուրյանը նաև ասել է, որ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ բանակցությունները լավ են ընթանում, և քննարկվում է երկու երկրների միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացելու առաջարկը։


«Սա կնշանակի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել»,- նշել է նախագահը: