Հաջորդ շաբաթը պատմական կլինի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հուսալի խաղաղություն և երկարատև անվտանգություն հնարավոր է երաշխավորել բացառապես միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության կամ տարածքների որևէ առևտրի։


Նա նշել է, որ նման հուսալի խաղաղությունը նախատեսված է «խաղաղության բանաձևով», իսկ առաջ շարժվել թույլ կտա հաղթանակի պլանը:


«Ուկրաինային խաղաղություն է պետք՝ իրական, արդար, եւ երաշխավորված պաշտպանություն պատերազմից։ Դա հնարավոր է միայն ուժեղ դիրքերում։ Եվ միայն այն ժամանակ, երբ և մեր ժողովուրդը, և մեր գործընկերներն իսկապես միավորված են», - ընդգծել է Զելենսկին։


Նախագահը հավելել է, որ հաջորդ շաբաթը «շատ առումներով պատմական կլինի»՝ նկատի ունենալով հոկտեմբերի 12-ին նախատեսված «Ռամշտայն» ձեւաչափով 25-րդ հանդիպումը:


«Այն ամենը, ինչ նշված է հաղթանակի ծրագրում, միանգամայն իրական է մեր գործընկերների համար։ Աշխարհն ունի ուժեղացման այս ռեսուրսը, որը թույլ կտա առաջ շարժվել «խաղաղության բանաձևով»», - նշել է Զելենսկին։


Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, որում նա դատապարտել է «տարածքների առեւտուրը», հնչել է այն բանից հետո, երբ ամերիկյան Financial Times պարբերականը հոդված էր հրապարակել այն մասին, որ արեւմտյան արտաքին քաղաքական շրջանակներում քննարկում են «գերմանական մոդելը» Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար: Այն նախատեսում է, որ Ուկրաինային կառաջարկեն անդամակցել ՆԱՏՕ-ին առանց գրավյալ տարածքների, որոնք նա պետք է համաձայնի վերադարձնել դիվանագիտական ճանապարհով: