Բագրատ Սրբազանն արձագանքել է Միքայել Սրբազանի հայտարարություններին

Այն, ինչ արեց Սահմանադրական դատարանը, առաջին պտուղներն են վարվող չքաղաքականության, որի արդյունքում մենք ենթարկվում են պարտադրանքների, հարկադրանքների ու սպառնալիքների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։ 


Նա նաև անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հայտարարությանը․


«Մենք կարող ենք ունենալ գաղափարական տարաձայնություններ, սակայն թիրախը մեկն է։ Այս ներկա-նախկին կեղծ ծուղակը ստեղծել են, որ այդ ցանցից դուրս չգանք։ Հիմա Միքայել Սրբազանի նկատմամբ ես ունեմ մեծ հարգանք, նա իմ ուսուցիչն է, մենթորն է։ Իմ մասին էլ է որոշակի բաներ ասել, իհարկե, չեմ ընդունում, բայց չի նշանակում, որ պետք է անցնեմ վիրավորանքների։ Բա ինչո՞վ ենք այս խուժանից, խուլիգաններից տարբերվում», - ասել է նա։


Բագրատ Սրբազանը նաև հավելել է, որ վերջին անգամ նա Միքայել Սրբազանի հետ խոսել է մեկ ամիս առաջ։


Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, թե Սրբազան շարժման ձախողումներից մեկը «նախկին նախագահների ստվերն էր», որ երևաց այս ընթացքում։


Բագրատ Սրբազանն ի պատասխան նշել է, որ ինքը ՀՀ բոլոր նախագահների ժամանակ եղել է ընդդիմադիր դիրքերում, բայց այդ ժամանակահատվածում «ապրել ենք սխալների տիրությում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում»:


«Մենք այդ բոլոր ժամանակահատվածում ունեցել ենք Արցախ, գտնվել ենք անվտանգության բարձրագույն աստիճանի վրա։ Մեր խնդիրները եղել են մեր տան ներսի խնդիրները, ոչ մի թշնամական երկիր մեզ ոչ սպառնացել է, ոչ էլ պարտադրել»,- հավելել է նա:


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցին։


«Մենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք։ Եվ հանկարծ շատ–շատերը այս փոքր քայլերի հաղթանակից հետո ակտիվացան և սկսեցին խոհափիլիսոփայություն անել։ Բոլորի համար բաց է դաշտը, կարող են գործել, ինչու չեն գործում»,–ասել է «Սրբազան պայքարի» առաջնորդը։


Նրա խոսքով՝ ուղերձից հետո հարցազրույցի մնաց զուտ ձևաչափը հարգելու համար։


«Եթե ինձ հրավիրած լինեին հարցազրույցի, հարցեր տային և ես չպատասխանեի, մարդկանց դժգոհությունն արդար կլիներ»,- եզրափակել է նա։


Նշենք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժումը» հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում:


ՀԻշեցնենք, որ վերջին հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանն աջակիցների հետ երթով Հանրային հեռուստաընկերություն շարժվեցին՝ պահանջելով ուղիղ եթեր: Հանրային հեռուստաընկերության տնօրենը, որը դիմավորեց ցուցարարներին, ասաց, որ կարող են հարցազրույցի ձեւաչափով ուղիղ եթեր տրամադրել, որի ընթացքում էլ կարող է հնչել Սրբազանի ուղերձը: Բագրատ Սրբազանը համաձայնեց եւ ուղերձով հանդես եկավ Հանրային Հեռուստաընկերությամբ: