2017-ին Թրամփը հարցրել է Պուտինի կարծիքը Ուկրաինային զենք մատակարարելու մասին. մանրամասներ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին Համբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին անձնական հանդիպման ժամանակ հարցրել է, թե ինչ կարծիք ունի Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ, գրում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին: Նրանց խոսքով՝ Ռուսաստանի նախագահը դեմ է արտահայտվել։


Ինչպես հայտնել Է NYT-ը, 2017 թվականի հուլիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին ասել է, որ Սպիտակ տունը դիտարկում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը: Ըստ թերթի, նա հարցրել է Ռուսաստանի նախագահին. «Ի՞նչ եք դուք կարծում», ի պատասխան՝ Պուտինն ասել է, որ դա սխալ կլինի, քանի որ Կիևն ավելի ու ավելի շատ օգնություն կխնդրի, գրում է NYT-ն։


Ինչպես նշում է թերթը, Ռեքս Թիլերսոնը, որը 2017-2018 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, այդ զրույցից հետո ամերիկյան վարչակազմի աշխատակիցներին կոչ է արել «աշխատել Ուկրաինայի վերաբերյալ նախագահի կարծիքը փոխելու ուղղությամբ»:


Սեպտեմբերի 24-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ դեմոկրատական կուսակցությունը հաղթի ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրություններում, որպեսզի նրանցից կրկին ֆինանսական աջակցություն ստանա: Ուկրաինայի նախագահին նա անվանել է «մեծագույն վաճառական»։ Երեք օր անց նրանց հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ, ուստի հաղթանակի դեպքում կկարողանա արագ կարգավորել հակամարտությունը: