Քաղաքականություն

Կիրակին մոտ է, կիրակին կգա, կտեսնենք․ Քոչարյան

Edita 932 դիտում
Կիրակին մոտ է, կիրակին կգա, կտեսնենք․ Քոչարյան

Ընդդիմությունն իր խոսքը հանրությանը հասցնելու հետ կապված պրոբլեմ չի ունեցել. հսկայական լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններ առավոտից երեկո լուսաբանել են Գալստանյանին՝ առավոտվա արթնանալուց մինչեւ քնելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդմանը, որ երեկ Հանրայինի եթերում Բագրատ ՍՐբազանի հանդես գալը իրենց առաջին հաղթանակն է:


«Պետրոս Ղազարյանը երեկ էլ շեշտեց, որ երբեւէ խնդիր չի եղել, միշտ առաջարկ եղել է՝ եկեք զրույցի, եւ իրենք միշտ խուսափել են: Երեկ էլ պայման դրվեց, որ ուղերձով հանդես գա, ուղերձից հետո էլի խուսափում էր պատասխանել հարցերին: Այն աստիճանի էր խուսափում, որ մի նոթատետր ունի, ինչ-որ մտքեր է հավաքագրել, չկարողացավ այդ մտքերն առանց նոթատետրի արձանագրի՝ 9-րդ կետի վերաբերյալ: Չկար պատկերացում, թե քաղաքական օրակարգի մեջ իր ներկայությունն ինչի հետ է կապված, որտեղից հայտնվեց: Ինչու հայտնվեց Տավուշում եւ ինչու անհետացավ: Եկան էստեղ իշխանության հետեւից եւ իրենց իշխանության մղողները մնացին ստվերում, իրենք մնացին մենակ: Հասարակությունը դա գիտակցելով՝ իրենց էլի թողեց մենակ»,-ասաց նա:


Քոչարյանը վստահեցրեց, որ իշխանության մեջ որեւէ անհանգստություն չկա Բագրատ Սրբազանի ակտիվացումից. «Անհանգստություններ ստեղծողն էլ, կառավարողն էլ իրենք են, բայց արդեն այդ անհանգստություններից գնացող անձնակազմը չկա: Տեսեք նա ոնց իրեն պահեց ոստիկանական ուժերի եւ ղեկավար կազմի հետ շփումներում՝ ասելով կտրորեմ»:


Դիտարկմանը, որ ոստիկանապետն էլ իրեն անվանեց «համբալ», ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ոստիկանապետը որեւէ արձագանք չի արել իրեն, դա արձանագրված է: Ոստիկանությունը ուժային է, կարող է մի բան էլ ավել ասի, բայց հոգեւորականի խնդիրը տրորելը չի, հոգեւոր խոսք ասելն է, որով նա պետք է մեզ չտա հնարավորություն, որ մեզ մոտ ուժային ցանկությունները բոցկլտան: Ինքը հիմա փորձում է բոլորին պիտակավորել, վարկաբեկել, վիրավորել, բայց շատ սրտնեղում է, որ իրական միջավայրում իր մասին կարծիքներ են հնչում, որի հետ ինքն ու իր մերձակա շրջապատը համաձայն չեն»:


Նա համոզմունք հայտնեց, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը չի հաջողելու. «Շատ բարձր տոկոսային հավանականությամբ տեսնում եմ, որ եթե Գալստանյանի շարժումը հաջողված պետք է լիներ, պետք է լիներ մայիսին: Եթե այն ժամանակ չեն հաջողել, որովհետեւ գերներդրումային փաթեթ են դրել տվյալ անձնավորության քաղաքական հեռանկարը կերտելու համար, հիմա որեւէ հաջողություն ակնկալել հնարավոր չէ: Տեսե՞լ եք՝ քանի անգամ է օրական «նեռ» բառն օգտագործում: Դրանից բան չի փոխվում: Երբ նույն հաղորդման ժամանակ հաղորդավարն ասում է՝ այսինչ բանը այդպես չի ասվել, ինչո՞ւ ես ստում, ինքը փորձում է ստելով արձագանքել հաղորդավարի հնչեցրած տեսակետին: Կիրակին մոտ է, կիրակին կգա, կտեսնենք»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250